Կապադովկիայում հայերը վաղուց են ապրել, դեռ այն ժամանակներից, երբ Տիգրան Մեծը մի կարճ ժամանակով զավթել էր այդ անկախ երկիրը, հետո բյուզանդական շրջանում, Կիլիկյան Հայաստանի ժամանակներում եւ դրանից հետո էլ… մինչեւ 1915 թվականը: Կապադովկիայից էր նաեւ Գրիգոր Լուսավորիչը, որը, ծնունդով պարթեւ էր:
Կեսարիան, որտեղ երեկ գտնվում էր մեր` հայ եւ թուրք լրագրողների` SATR ծրագրով ավտոբուսային շրջագայության ելած խումբը, նույնպես գտնվում է ներկայիս Թուրքիայի Կապադովկիա շրջանի տարածքում: Իսկ այսօր, կամ արդեն` երեկ, մայիսի 28-ին, խմբի հայկական մասը մեր ազգային տոնը նշեց Կապադովկիայի Նեվշեհիր գավառի տարածքում գտնվող բազմաթիվ հեքիաթային հովիտներում գտնվող քարանձավերը մտնելով եւ ժայռափոր եկեղեցիներով հիանալով:
Միլիոնավոր տարիներ առաջ այս լեռներից մեկում ժայթքած հրաբուխի արդյունքում առաջացած այդ զարմանահրաշ քարե արձանները եւ բազմաթիվ բլուրները, ժայռերը այստեղ ժամանած հարյուրավոր զբոսաշրջիկների ստիպում էին բերանները բաց նայել բնության այդ անձեռակերտ ստեղծագործությանը: Այս տարածքը երկար ժամանակ մատնված է եղել անուշադրության, եւ միայն 1980-ականներին, մի հայտնի ֆրանսիացի ճանապարհորդի կողմից «հայտնաբերվելուց» հետո է սկսել գրավել քիչ թվով մարդկանց ուշադրությունը: Իննսունականներին Կապադովկիայի գանձերը դարձել էին արդեն եվրոպացի տուրիստների նախընտրած վայրերից, եւ միայն 2000-ներին թուրքերը նույնպես սկսեցին հետաքրքրվել դրանով, եւ մեծ գումարներ ներդնել այդ հրաշքը պահպանելու եւ դրա միջոցով ավելի մեծ գումարներ աշխատելու նպատակով: Այս ամենը մեզ ասաց մեր զբոսավար Ալի բեյը: Նա նաեւ պատմեց, թե ինչու են բյուզանդական եւ հելլենիստական ժամանակաշրջանի ժայռափոր եկեղեցիներում սրբապատկերները աղավաղված: Շատ երկար տարիներ Թուրքիայում քրիստոնեական սրբությունները, քրիստոնեության հետ առնչվող մշակության գանձերը ոչ մի արժեք չեն ներկայացրել, եւ դրանք անպատժելիորեն քանդվել են, փչացվել, ավիրվել, եւ միայն Սուլթան Համիդն է նախորդ դարասկզբին որոշում ընդունել` դրանք ցուցահանդեսներ, թանգարաններ համարել, եւ որոշ բաներ փրկվել են: Սակայն քանի որ մուսուլմանական մշակույթում արգելված էր Արարչին եւ նրա ստեղծած էակներին պատկերելը (ի դեպ, դրա մասին է Օրհան Փամուկի «Իմ անունը Կարմիր է» վեպը), Կապադովկիային տիրացած մուսուլմանները քերել են ժայռափոր եկեղեցիների որմնապատկերների դեմքերը:
Հովիտներից մեկը կոչվում էր Աղավնիների հովիտ, մեկ ուրիշը` Փերիների օջախներ, կա «Այն ծառի տակ» կամ Սիրո հովիտ, եւ բազմաթիվ այլ վայրեր, որտեղ հրաբուխի ժայթքման, այնուհետեւ հազարամյակներ տեւած էրոզիայի արդյունքում ձեւավորվել էին ամենատարբեր եւ աներեւակայելի տեսքն ունեցող քարե աշտարակներ, որոնք տուֆի եւ բազալտի կազմություն ունեն: Աղավնիների հովիտում բազմաթիվ աղավնիներ տեսանք, Ստորգետնյա քաղաքը մտանք, որտեղ դեռ մ.թ.ա. 2-3 հազարամյակներում մարդիկ են ապրել: Այդ քաղաքն իրենից ներկայացնում էր լաբիրինթոս հիշեցնող մի հսկա շինություն, որտեղ բնակվել է միաժամանակ մոտ հազար մարդ, ունեցել են մեկ ընդհանուր խոհանոց, մեկ շատ խոշոր` մոտ քսան մետր դեպի գետնի տակ ձգվող օդափոխիչ համակարգ եւ բազմաթիվ սենյակներ:
Կարդացեք նաև
Սակայն ամենատպավորիչը, թերեւս, Գյորեմեի բացօթյա թանգարանն էր` բազմաթիվ ժայռափոր եկեղեցիների եւ մատուռների հավաքածուն: Ինչպես Գյորեմեի բացօթյա թանգարանը, այնպես էլ Գետնափոր քաղաքը ներկայումս համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մի մասը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ