Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ այսօր Աբովյան փողոցի վրա գտնվող «Փոքր» թատրոնը հյուրընկալել էր փոքրիկներին: Կազմակերպել էր հետաքրքիր բացօթյա ներկայացում: Հեքիաթային մի շարք կերպարներ ուրախացնում էին ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը մեզ զրույցում ասաց, որ նմանատիպ միջոցառում իրականացվել է նաև անցյալ տարի: Նպատակը մեկն էր` ուրախացնել երեխաներին. «Թեմատիկ ուղղվածություն չունի, ուղղակի տրամադրություն է ստեղծում ու վառ երանգներով լցնում քաղաքի կենտրոնը: Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի ավելացել են նոր կերպարներ»,- ասաց նա:
Թատրոնի դիմաց կարող էիք խաղալ չափսերով մեծ շախմատ, բայց ոչ թե հաղթելու, այլ` հաճույքի համար:
Տարածքը մարդաշատ էր: Դա նկատել էր նաև «Փոքր» թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ասում է` այս տարի այցելուները շատացել են, չնայած, որ միջոցառման մասին հանրության տեղեկացրել են ֆեյսբուքի ու իրենց ընկերների միջոցով:
Վահան Բադալյանը «Առավոտ երիտասարդականին» տեղեկացրեց, որ նման ներկայացում կիրականացվի նաև հունիսի 1-ին, սակայն ավելի ընդգրկուն. «Միջոցառումը կլինի ամբողջ Աբովյան փողոցով երկայնքով: Կմասնակցնեն նաև գեղագիտական կենտրոնի նկարչական ստուդիայի սաները»:
Արամ Արարատյան