«Խոսելուց առաջ լավ կլինի, որ մարդիկ մտածեն, նոր խոսեն: Եթե մարդ միտք է արտահայտում, անպայման պիտի մտածի ինչ է ասում, նոր խոսի»,- ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց այսօր ասուլիսում ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանի այն հայտարարությանը, որ առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժերը ընտրակաշառք են բաժանել, դրա համար ՕԵԿ 170 հազար անդամների մի մասը, այսպես ասած գայթակղվելով, չի քվեարկել իրենց կուսակցության օգտին:
Կարինե Աճեմյանի խոսքերով՝ «Ես չեմ հասկանում, թե ինքը ընդհանրապես ինչու է գնացել ասուլիսի ու ինչ է ուզեցել դրանով ասել: Մի բան կա ընդամենը՝ երբ քաղաքական ուժը քիչ ձայներ է հավաքում, ավելի քիչ, քան ինքը ակնկալում է, ինքը սկսում է մեղավորներ փնտրել: Ու այդ ժամանակ կարող է ինչ ասես՝ ասի: Դրա համար եմ ասում՝ պատգամավորը շատ պատասխանատու է ոչ միայն արարքի, այլ նաեւ խոսքի համար: Ես պարզապես ուզում եմ ասել, որ ամեն պատգամավոր պարտավոր է որեւէ հայտարարություն անելուց առաջ մտածի, նոր խոսի»:
Մեր հարցին՝ նման հայտարարությունից նրա խոսքերը կարո՞ղ են վնասել կոալիցիայի ստեղծման բանակցություններին՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե»:
Նաեւ հետաքրքրվեցինք՝ կարծում եք, որ Արթուր Բաղդասարյանը չի՞ կիսում այդ տեսակետը՝ տիկին Աճեմյանը պատասխանեց. «Դա իրեն պետք է հարցնեք՝ նա իր անձնակա՞ն տեսակետն է հայտնում, թե՞ կուսակցության: Բայց մարդը պիտի խոսելուց առաջ մտածի, նոր ասի: Դե թող պարզ ասեր: Եվ ընդհանրապես, բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ընտրակաշառքի մասին բան են ասում, ավելի լավ կլիներ, որ իրենք իրենց բողոքները գրավոր հայտնեին, այսինքն՝ փաստերն արձանագրեին, ոչ թե օդի մեջ ինչ-որ հայտարարություններ անեին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ