Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի եւ «Հայաստան» ՄՄ՝ այսօր Երեւանի կենտրոնական փողոցներում համատեղ կազմակերպած խճուղային հեծանվավազքի մրցմանը, որը նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան, այս անգամ մասնակցեցին նաեւ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող Ռուսաստանի «Կատյուշա» ակումբի մարզիկները:
Մեկնարկի ելած շուրջ 60 մարզիկները մրցեցին 40 շրջան՝ չորս միջանկյալ վերջնագծով, մրցաձեւում: Հաղթող ու մրցանակակիր դարձան «Կատյուշայի» անդամներ Զակարին Իլնուրը, Իգոր Բոեւը եւ Ստաշ Մամիրը, որոնք էլ պարգեւատրվեցին պատվոգրերով եւ հուշանվերներով: Հայ մարզիկներից առավել հաջող հանդես եկավ Էդուարդ Մաթոսյանը՝ բաժանելով 7-8-րդ տեղերը:
Պայքարի ավարտին Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին «Aravot.am-ին ասաց. «Այսպիսի մրցումները, որոնք ավանդաբար կազմակերպում ենք Երեւանում, մրցափորձի կուտակման առումով կարեւոր դեր են կատարում մեր հեծանվորդների համար: Առավել եւս, որ այս անգամ մրցումը միջազգայինի կարգավիճակ ունեցավ՝ շնորհիվ բարձր վարկանիշ ունեցող «Կատյուշայի» ներկայացուցիչների մասնակցության: Պայքարի ընթացքը ցույց տվեց, որ մեր տղաների մեջ էլ կան այնպիսիք, որոնք արժանի մրցակցություն ցույց տվեցին եւ նույնիսկ կարող էին մրցանակային տեղերի հավակնել: Նրանց խանգարեց մրցափորձի պակասը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ