Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փակ շուկան քանդում են. Երևանի բնակիչները դուրս են եկել իրար դեմ (Տեսանյութ)

Մայիս 28,2012 14:47

 «Սա վանդալիզմ է, նշանակում է, որ ով այս երկրում ինչ ուզենա, կարող է անել: Եթե որևէ մեկի մտքով անցնի Օպերայի տեղում էլ սուպերմարկետ սարքել՝ որևէ մեկը չի խոչընդոտելու»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Նա մասնակցում էր ի պաշտպանություն Փակ շուկայի մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների կազմակերպած հավաքին Փակ շուկայի հարևանությամբ:

Դառնալով Փակ շուկայի ճարտարապետական արժեքին` Ս. Սաֆարյանը նկատեց. «Անթույլատրելի է պետական մարմինների նման վերաբերմունքը Փակ շուկայի հանդեպ՝ որպես ճարտարապետական, պատմամշակութային արժեքի: Հիշում եմ ԱԺ-ում այն սարսափելի պատասխանը, որ տվեց մշակույթի նախարարը, թե 21-րդ դարին բնորոշ պայմաններում պետք է առևտուր անել: Այդպիսի մարդկանց միայն մի բան կարող եմ ասել՝ ձեռքներդ հեռու նման արժեքներից: Երևանում արդեն կառուցել եք բազում սիթիներ, այս կոթողի հետ գործ չունեք»:

Ս. Սաֆարյանը հատկանշական է համարում այն, որ այս ամենը կատարվում է ընտրություններից հետո և շեշտում. «Կառավարություն կարծես թե չկա, և նոր կառավարություն պիտի լինի, քաղաքաշինության նախարարը ԲՀԿ-ից է և այս պահին հեռացող նախարար է: Փաստորեն, այժմ կա թույլ գերատեսչական հսկողություն»:

Պարոն Սաֆարյանը տեղի ունեցածը համարում է հանցագործություն և դիմել է ՀՀ ոստիկանություն: Նա վստահեցնում է, որ շարունակելու է պայքարը հանուն շուկայի: Մեր այն հարցին՝ պայքարելու են ընդդեմ իշխանությունների պաշտպանությունն ունեցող գործարար Սամվել Ալեքսանյանի՞, ով ցանկանում է շուկայի տեղում ամենամեծ «Yerevan City» սուպերմարկետը կառուցել,Ս. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Այս պահին թիրախը նա չէ, այլ պետական մարմինները՝ ի դեմս մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետի, կառավարության անդամների: Ակնհայտ է, որ անգամ երեկվա աղմուկի կապակցությամբ որևէ հայտարարություն էլ չեղավ, այնինչ պատկան մարմինները պարտավոր էին դատապարտել»:

Նկատենք, որ ոստիկանության աշխատակիցներն այսօր Փակ շուկայի շրջակայքում հսկողություն էին իրականացրել, իսկ ի պաշտպանություն Փակ շուկայի հավաքված քաղաքացիները նշում էին, թե ավելի լավ կլիներ ոստիկանությունը նման հսկողություն իրականացներ այն անձանց նկատմամբ, որոնք երեկ գիշերվանից քանդում էին Փակ շուկան:

Մինչ ակտիվիստները հավաքվել էին ի պաշտպանություն փակ շուկայի՝ շուկայի հարևանությամբ ապրող բնակիչները դեմ դուրս եկան ակտիվիստներին՝ նախատելով, թե ինչու են խանգարում և թույլ չեն տալիս, որ շուկան սարքեն, որ իրենք էլ աշխատանք ունենան: Նրանք նշում էին, որ տարիներ շարունակ դա եղել է «աղբանոց, խոլերայի բուն»:

Կատարվածին Ս. Սաֆարյանը տվեց հետևյալ գնահատականը. «Փաստորեն, իրականացվում է իշխանությունների այն սցենարը, որ քաղաքացիների մի խմբին հանեն մյուսի դեմ: Իսկ եթե իրավիճակն այդպիսին է, թող հարցը դրվի հանրաքվեի և Երևանի բնակիչները որոշեն հարցը»:

Ակտիվիստներն Aravot.am-ին տեղեկացրին, որ իրենք շարունակելու են գտնվել Փակ շուկայի հարևանությամբ այնքան ժամանակ, մինչև արժանանան որևէ չինովնիկի «գթասրտությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031