«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Հանրապետության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասված է. «Մայիսը հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է, հաղթանակներ, որոնք կերտեցին մեր Առաջին Հանրապետությունը, վերահաստատեցին մեր ազգային արժանապատվությունը և կենսունակությունը:
1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը և ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը, թեև, կարճ կյանք ունեցավ, սակայն ի ցույց դրեց աշխարհին, որ հայը կա և կլինի իր մշտական վճռականությամբ` առաջ տանելու իր ազգի ու պետության ամենանվիրական նպատակները:
Մայիսի 28-ին ստեղծված մեր Առաջին Հանրապետությունը թե’ համամարդկային, թե’ ազգային արժեքների կրողն էր: Մեր Առաջին Հանրապետությունը լիարժեք հայտ ներկայացրեց լինելու ժողովրդավարության օրրան ու աշխարհի հետ խոսելու հավասարի սկզբունքով:
Առաջին Հանրապետությունը եղավ նաև այն խթանը, որը ոգեշնչեց 1988-ին սկսված շարժումը, որն էլ ծնեց մեր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը: Հենց մայիսի 28-ին ծնված անկախ պետության շնորհն էր, որ հայ ժողովրդին մղեց նոր պայքարի:
Կարդացեք նաև
Սիրելի’ հայրենակիցներ,
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում լինել էլ ավելի վճռական ու էլ ավելի տոկուն` մեր երրորդ հանրապետության զարգացման ճանապարհին: Պետք է հիշել, որ անկախ պետություն և ազատ ու արժանապատիվ քաղաքացի ունենալու համար պետք է հասնել իրական ժողովրդավարության, զարգացած տնտեսության, իրավունքի և օրենքի գերակայության, անկախ դատական համակարգի կայացման և ամրապնդման: Մենք վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին ի զօրու է Հայաստանի Հանրապետությունը տանելու զարգացման հենց այդ ճանապարհով»: