Բլոգեր, լուսանկարիչ Biayna Mahari-ն, որը երեկ նկարահանել էր, թե ինչպես են քանդվում Փակ շուկայի երկու կամարները՝ այսօր իր բլոգում գրում է. «Կյանքում ոչինչ տեղի չի ունենում պատահաբար: Մի հայացքը կարող է փոխել ամեն ինչ, հայացքի մի բացակայությունն այնքան ասելիք ունի… Մի ուշացում, մի տրամադրություն, օգնելու մի որոշում կարող է հանգեցնել դեպքերի մի ողջ շղթայի, որտեղ ամենագլխավորը կդառնա ոչ այն իրադարձությունը, որը սկզբում թվում էր գլխավորը:
Մի «պատահական դեպք», մի արձագանք, մի քիչ ուղեղ եւ ահա իմ անձնական Մոլոտովը տանիք է քանդում եւ իրենից հետո թողնում մի հսկայական անկյանք վիհ:
Այս ամենն ինչու եմ ասում՝ Փակ շուկայի երկու կամարներն «ընկան» ուղղակի մեր աչքի առջեւ:
Ինչ ասել՝ չգիտեմ, ինչ զգալ՝ նույնպես, եւ ինչ գոռալ՝ արդեն էլի անհասկանալի է:
Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ իմ Հայրենիքից… Բայց իմ Հայրենիքը սպանում են աչքիս առջեւ, եւ շուտով ես տեղ չեմ ունենա, որտեղից կարելի է հեռանալ:
Իսկ ամենազարմանալին է, որ կամարները հենց այն գլխավոր դեպքն են, որոնց մասին մտորելով հասկանում ես, որ գլխավորն իրականում ինչ որ այլ բան էր»: