Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ծծնդյան օրն է: Այդ առիթով «Հենարան» ակումբում կազմակերպվել էր ասուլիս: Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանն ասաց, որ 1918 թվականը մեծ դեր է կատարել հայոց պատմության մեջ: «Շատ են հայհոյել I-ին հանրապետության ղեկավարներին, բայց փառք ու պատիվ նրանց: Հինգ դար առաջ կորցված անկախությունը այսօր վերականգնվել է: Լավ է, որ ցեղասպանություն տեսած ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել»:
Նա փաստեց, որ մայիսյան հերոսամարտերի ժամանակ նույնիսկ հոգևորականներն են կոչ արել հանրությանը մասնակցել կռիվներին: Բանախոսի համոզմամբ, Ղարաքիլիսայի մարտերի ժամանակ եղել են մարդիկ, որոնք վրդովված էին ու չեն օգնել: Սակայն Բաշ-Ապարանի դեպքում հայերը հրաշք են գործել. ջախջախիչ հաղթանակ են տարել թուրքերի նկատմամբ: «Նրանք, որ նպատակ ունեին ոչնչացնել ամեն ինչ՝ ստիպված էին հաշվի նստել այդ իրողության հետ»,- նշեց Հարությունյանը:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն առանձնացրեց առաջին հանրապետության պատմական դասերը: Առաջին հերթին նա կարևորեց համազգային միասնության հաղթանակը: Ասաց՝ բանվորից մինչև հոգևորական միավորվել են ու մասնակցել գոյատևման կռիվներին. «Մյուս դասը` ազատ ու անկախ ժողովրդական դասն էր, որը փոխանցվեց երրորդ հանրապետությանը: Կարելի է ասել, որ III-ը I-ի շարունակությունն է: Մյուս կարևոր իրողությունը՝ պետականության ստեղծումն էր: Ստեղծվեց պառլամենտական իշխանություն, որը թույլ տվեց երկրորդ հանրապետության ծնունդը: Կցանկանայի ասել նաև մեր ժողովրդի համազգային գիտակցման մասին, քանի որ կային մարդիկ, ովքեր ասում էին, թե մեզ անկախություն պետք չի: Ըստ թուրքերի, դա իրենք են մեզ տվել, բայց հո մենք գիտե՞նք, որ դա ձեռք է բերվել մայիսյան պայքարի շնորհիվ»:
Պատմաբան Բաբկեն Հարությունյանը նշեց, որ առաջին հանրապետության դեպքում ունեցել ենք տնտեսության խնդիր: Այդ ժամանակ այն թույլ է եղել, դրա համար էլ կործանվել է. «Պետք է հիմա ստեղծվեն աշխատատեղեր ու կատարվեն մի-շարք քայլեր, որ մարդիկ չհեռանան Հայաստանից»:
Կարդացեք նաև
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ