Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. մայիսի 28-ը սխալ է կոչել առաջին հանրապետության օր

Մայիս 28,2012 12:22

Մայիսի 28-ը, Պարույր Հայրիկյանի համոզմամբ, պարտավորեցնում է նայել մեր ներկա խնդիրներին այլ տեսանկյունից: «Հայաստանի հանրապետությունը, այսօր գործող մեր անկախ պետությունը, պետք է ոչ միայն տեսականորեն երբեմն ազդարարի, որ ողջ հայության հայրենիքն է , այլ գործնական քայլերով: Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա ձերբազատվել Արցախի հիմնախնդիր հասկացությունից, պետք է հասկանա , որ ունի հայկական հարց, ցեղասպանությունների հետեւանքների վերացման հարց, եւ այդ հարցը համահայկական հարց է, որի մեջ է մտնում նաեւ Արցախի հարցը»,- այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պ. Հայրիկյանը:

Նրա համոզմամբ Հայաստանի պարտվողական քաղաքականության պատճառով, հային ճանաչում են որպես կովկասյան ժողովուրդ. «Այսօր, երբ խոսում ենք մայիսի 28-ի մասին, պետք է հասկանանք, որ մեր պարտվողական, նահանջողական տրամադրությունների հետեւանքով, այսօր աշխարհը մեզ սկսել է համարել կովկասյան ժողովուրդ, մինչդեռ Կովկասը սկսել է այնտեղից, որտեղ ավարտվել է հայկական լեռնաշխարհը: Մենք կովկասյան ժողովուրդ չենք, կարող ենք նաեւ լինել կովկասյան, կարող ենք լինել ամերիկյան, նաեւ ռուսական , բայց մեր անցյալով մեր ներկայով ու ապագայով մենք կանք, եթե կկոչվենք հայ հայկական լեռնաշխարհի բնակիչներ, մեր հիմնական խնդիրը կազդարարենք ցեղասպանույունների հետեւանքների վերացում »:

Պարոն Հայրիկյանը նորից հիշեցրեց, որ մայիսի 28-ը սխալ է կոչել առաջին հանրապետության օր. «Սխալ է ազգային մտածողության տեսակետից: Չնայած Սահմանադրությամբ կոչվում ենք Հայաստանի Հանրապետություն, բայց երբեմն սխալ է թույլ տրվում՝ կոչելով երրորդ հանրապետություն, իսկ դա ինչո՞վ է վտանգավոր, եթե մենք մայիսի 28-ը ճիշտ չենք արժեւորում, չենք կոչում հայկական պետականության վերականգնման կամ անկախության օր, այլ կոչում ենք առաջին Հանրապետության օր, հետո սեպտեմբերի 21-ը կոչում ենք անկախության օր, պարզվում է` մենք անկախությունից առաջ ունեցել ենք հանրապետություն, բայց դա անհեթեթություն է, եւ վտանգավոր է: Եթե մենք երրորդ հանրապետություն ենք համարում այսօրվա հանրապետությունը, նշանակում է` մենք տրամաբանական ենք համարում երկրորդ կոչված` բոլշեւիկյան բռնապետության նվաճումը ու դրանով հող ենք նախապատրաստում մեկ այլ հանրապետության համար, որը կարող ենք կոչել 4-րդ` պարսիկների, թուրքերի կամ մեկ այլ տիրապետության տակ» :

Այսօր, ինչպես ամեն տարի այս օրը, պարոն Հայրիկյանը այցելելու է Արամ Մանուկյանի գերեզման, իսկ երեկոյան իր այգում հատուկ տոնակատարություն է կազմակերպել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031