ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ներկայացրեց, թե ինչպես են այսուհետ դառնալու ՕԵԿ անդամ: Ինչպես հայտարարել էին, ՕԵԿ-ը սկսում է նոր անդամագրում եւ նախկին անդամատոմսերը չեղյալ է համարում: Իշխան Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ «Բնականաբար, մենք դժգոհ ենք, ԱԺ-ում հավաքած մեր քվեներից: Ենթադրում էինք, որ ավելի շատ քվե պետք է ունենանք: Այսօր անդամագրման կարգը խստացրել ենք»:
Հարցին՝ այն 170 հազար անդամները, որոնց մասին նշում էիք, այլեւս ՕԵԿ-ական չե՞ն՝ նա պատասխանեց՝ «նրանք հոգով եւ մտքով ՕԵԿ-ական են»: Պարոն Խաչատրյանը մի քանի անգամ նշեց, որ արդեն խստացվել է ՕԵԿ անդամ դառնալու կարգը, դժվարացել է:
Հարցին՝ հիմա ինչպե՞ս եք ընդունելու՝ հարցեր եք տալու, քննությունով, ինչպե՞ս, պարոն Խաչատրյանը բացատրեց, որ հանձնաժողով է լինելու, ՕԵԿ երկու անդամներ երաշխավորելու են, եւ մարդկանց տվյալ թաղամասում ճանաչելով, իմանալով՝ ընդգրկելու են կամ չեն ընդգրկելու. «Եթե մոտենում եք, ասում եք ուզում եմ դառնալ ՕԵԿ, մենք ասենք ո՞չ»:
Մեր հարցին՝ որքա՞ն նոր անդամներ եք ակնկալում ունենալ նոր անդամագրման կարգի պարագայում՝ նա պատասխանեց. «Շատ կլինեն անդամները: Մենք աշխատելու ենք հասարակության հետ, ենթադրում ենք, որ ավելի շատ կլինի»:
Կարդացեք նաև
Եթե երաշխավոր կանգնած ՕԵԿ անդամները, այնուամենայնիվ, սխալվեն եւ «սխալ» մարդու, այսինքն՝ հոգով ոչ ՕԵԿ-ական ընդգրկեն իրենց շարքերը՝ նրանց ՕԵԿ-ի ֆրակցիան չի պատժելու: Իշխան Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ «Մարդը կարող է սխալվել, ի՞նչ կարող ենա անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ