Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցվճարները, հարկահավաքներն ու վարչական դատարանի դատավորները

Մայիս 28,2012 11:26

ՀՀ հարկային ու մաքսային մարմինները կոչված են ապահովելու ՀՀ պետբյուջեի մուտքերը: Որքանո՞վ են բարեխղճորեն նրանք կատարում իրենց պարտականությունները: Եվ արդյոք կունենա՞ն նրանք նույնքան համբերություն, եթե աշխատավարձ ստանան նույն արագությամբ՝ ինչ արագությամբ որ սպասում են, ասենք՝ սոցվճարների մուծումներին: Դժվար թե: Թերեւս սպասեն 2, գուցե առավելագույնը 3 ամիս: Իսկ ահա պետբյուջեի մուտքերի մասով հայրենի հարկային տեսուչները պատրաստ են սպասել տարիներ: Ինչո՞ւ: Ենթադրենք գործող կամ նոր գրանցված տնտեսվարող սուբյեկտը (անհատ ձեռներեց, ՍՊԸ, ԲԲԸ, թե ՓԲԸ, էական չէ) թափթփվածության կամ այլ պատճառով չի վճարում ամենամասյա սոցվճարները ու դրանք սկսում են կուտակվել: Ոչինչ, որ պետբյուջեն այդ ժամանակահատվածում զրկված մնա մուտքերից, թեկուզեւ չնչին: Ի՞նչ են անում այդ ժամանակ հարկային տեսուչները: Սպասում են(՞՞՞): Թողնում են, որ այդ վճարները տարիներով կուտակվեն, կուտակվեն, ուռճանան, հետո դիմում են վարչական դատարան ու սկսում արդեն մատ թափ տալ «անպարտաճանաչ» հարկատուի վրա:

Բա դո՞ւք: Լա՛վ, հարկատուն չգիտե՛ր, մոռացե՛լ էր, թափթփվա՛ծ է եւ այլն` հասկանալի է, որ այդ ամենը չի ազատում պատասխանատվությունից: Իսկ ո՞ւր եք դո՛ւք, հայրենի հարկահավաքներ, ինչի՞ն կամ ո՞ւմ եք դո՛ւք սպասում: Ի՞նչ նպատակով եք «աճեցնում» այդ պարտքերը: Ո՞նց եք հիմնավորում հե՛նց ինքներդ ձե՛զ, երբ, ասենք, 7 տարվա վաղեմության վճարներ գանձելու հայցադիմում եք ներկայացնում դատարան: Ո՞ւր էիք 7 տարի առաջ, ո՞ւմ էիք սպասում: Ո՞րն է ավելի հեշտ, քաղաքակիրթ, տրամաբանված. 2 ամիս չվճարած հարկատուին զգուշացնելը, գործունեությունը կասեցնելը, չվճարված 2 ամսվա հարկերն ու տուրքերը գանձե՞լը, թե տարիներով դրանք թողնելը, բոլորին իրար հետ թշնամացնելը, գույքերի վրա կալանք դնելը, կյանքը դժոխք դարձնելը: Չէ՞ որ կանխելը միշտ ավելի հեշտ է ու ճիշտ:

Եթե ձեր տունը վարձակալության տաք ու վարձակալողը 7 տարի ուշացնի վարձը, թեկուզեւ ամենահավատալի խոստումներով, թե 7 տարի հետո կվճարի տասնապատիկը, արդյոք կհամաձայնե՞ք եւ արդյոք տրամաբանակա՞ն կլինի ձեր կողմից այդ հետաձգմանը համաձայնվելը: Ոչ ոք չի հավատա ու չի արդարացնի նման սպասումը: Ի՞նչն է ապա պետբյուջեի հանդեպ ձեր ունեցած ծով համբերության պատճառը: Գուցե օրե՞նքն է ձեզ ստիպում այդպես վարվել: Ու հետո էլ հայցադիմում ներկայացնելով դատարան` դատավորներին եք ուզում ձեզ համախոհ տեսնել: Հետո՞:

Դատարանում մերժվելով մեկ անգամ գոնե եւ ունենալով արդեն նախադեպ` մեր հայրենի հարկահավաքները կհասկանան, որ պետբյուջեի հանդեպ պետք է ունենան նույն սրտացավ վերաբերմունքը, ինչ ունեն սեփական գրպանի հանդեպ:

Իսկ դիմելով ՀՀ վարչական դատարանի դատավորներին, կոչ ենք անում՝ 2 կամ 3 ամսից ավելի վաղեմության բոլոր կարգի բռնագանձումների վերաբերյալ ՊԵԿ ստորաբաժանումների հայցադիմումները մերժել: Դրանով մեծապես նպաստած կլինենք Հայաստանի թե՛ հարկատուների, եւ թե՛ հարկահավաքների արդյունավետ աշխատանքին:

Ըմբռնման ակնկալիքով` Արտաւազդ Մոսինեան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031