Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսարիայի միակ մաքուր հայը` Սարգիսը (Տեսանյութ)

Մայիս 28,2012 10:49

Կեսարիայում մեզ հանդիպած Սարգիս Թեքյանը իսկական գտածո էր: Մի լավ ֆիլմի, մի հրաշալի տեսապատմության պատրաստի հերոս:

Նա ապրում է Թալաս թաղամասում, որ ժամանակին հայկական թաղամաս է եղել եւ հայկական ճարտարապետության շունչը դեռ զգացվում է այդտեղ: Կեսարիան լեռների արանքում տեղ գտած մեծ քաղաք է, Թալասը` լեռան լանջին, մեծ քաղաքից վեր գտնվող, կանաչ թաղամաս է: Սարգիսը մեզ ցույց տվեց մի քանի տներ, ասելով` սա Քահրամանյանների տունն էր, սա Օհաննեսի տունն էր, սա Գյուլբենկյանների….

Գալուստ Գյուլբենկյանը կեսարացի էր, եւ Սարգիսի հեռավոր բարեկամը` պապիկի զարմիկը:

Թեեւ քաղաքում սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հսկող պարոն Կարապետը մեզ ասել էր, որ Կեսարիայում չորս հայ է ապրում, Սարգիսը մի քանի անգամ միանշանակ պնդեց, որ միակ մաքուր հայը ինքն է եւ ինքը: Նույնիսկ պարոն Կարապետին չընդունեց` «դա ի՛նչ կեսարացի` Ստամբուլից է»:

Ավելի քան քսան հոգանոց մեր խմբին` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի եւ GPoT-ի կազմակերպած երկշաբաթյա ավտոբուսային շրջագայության մասնակից հայ եւ թուրք լրագրողներին, կազմակերպիչներին, Կեսարիայում շրջագայելու ողջ ընթացքում մեզ հետեւող ոստիկանների խմբին եւ «Հայերը Կեսարիայում» ֆիլմի հեղինակ Ասլիհան հանըմին եւ նրա ամուսնուն, Սարգիսը հրավիրեց իր տուն, ասելով` զգացեք ձեզ ինչպես ձեր տանը, սա ձեր տունն է: Մեզ հետ շրջագայող թուրք լրագրողուհի Սինեմը ասաց, որ Սարգիսը շատ հյուրընկալ մարդ է, եթե այդ բառերով է մեզ տուն ընդունում:

Սարգիս Թեքյանը մեզ թեյ հյուրասիրեց եւ անկաշկանդ պատասխանեց բոլոր հարցերին: Պարզվեց, որ այդ օրը նրա ծննդյան օրն էր` 55 տարեկան դարձավ: Սարգիսն ամուսնացած չէ, ասաց, որ ընտանիքն իր համար չէ: Սակայն ասաց, որ իրեն տնային գործերով զբաղվելու համար մի օգնականուհի է պետք, Հայաստանից, բայց որ թուրքերեն իմանա, տեսքն էլ կարեւոր չէ` խե՛լք ունենա: Խելքը կարեւորելու պատճառ Սարգիսն ուներ. ասաց, որ մի գյումրեցի տնտեսուհի է ունեցել, որը վատ չի աշխատել, «ամա» շատ անխելքն էր, Սարգիսն ինչ ասում էր, չէր հասկանում:

Նա խոսեց հայ-թուրքական հարաբերություններից, խորհուրդ տվեց Սփյուռքին չլսել, այլ անել այն, ինչ լավ է այս տարածաշրջանում հարեւանությամբ ապրող ժողովուրդների` թուրքերի եւ հայերի համար` բացել սահմանները եւ լուծել բոլոր խնդիրները:

Սարգիսն ասաց, որ իր ընտանիքն արդեն երեք սերունդ ապրում է այդ նույն տանը: Նա երբեք չի թաքցրել իր հայ լինելը, անգամ ձեռքի դաստակին դաջել էր իր անունը` SARGIS,  բայց նաեւ ասաց, որ շատ հայեր թաքցնում են իրենց ծագումը` վախենում են: Տան մուտքին փակցված էին թերթերից կտորներ` իր հարցազրույցները, իսկ մի անկյունում պատվավոր տեղ էր գտել քարե արձանագրություն, որ հավանաբար եկեղեցուց կամ այլ տեղից էր:

Ի դեպ, Կեսարիայում մենք տեսանք մեկ այլ, շատ ավելի լավ պահպանված ու գեղեցիկ եկեղեցի, ցավոք, հեռվից: Ինչպես հետո նկատեց մեր խմբի թուրք լրագրողներից մեկը` Քեմալ բեյը, դա տիպիկ թուրքական քաղաքականություն է` որտեղ հայեր չեն ապրում, եկեղեցիները կան, պահպանվել են, իսկ որտեղ հայերն ապրում են, օրինակ, Սեբաստիայում, Մալաթիայում, չկա  եկեղեցի:

Ինչպես արդեն նշեցի` Կեսարիայում մեր գտնվելու ողջ ընթացքում մեր խմբին հետեւում էր ոստիկանական խումբը, ընդ որում` զինված մինչեւ ականջները:

Սարգիսի հայրը եւ քույրը` Հռիփսիմեն, Ստամբուլում են ապրում, Կեսարիայում նա մենակ էր ապրում: Զբաղվում է առեւտրով, այդ թվում` ընտանի կենդանիների: Ամուրի տղամարդու համար` նա բավականին մաքուր եւ կոկիկ տուն ուներ: Հռիփսիմեն հայերեն գիտի` հպարտացավ Սարգիսը: Ինքն անձամբ չգիտեր, եւ միակ բանը, որ գիտեր` «Հայր մերն» էր, որը հաճույքով ասաց մեզ համար:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031