Սյունիքի մարզի Ծավ գյուղում մայիսի 29-ի հանրային լսումների մասնակիցներին.
Սյունիքի մարզի Ծավ գյուղում Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի վերաբերյալ ս. թ. մայիսի 29-ին կազմակերպվող հանրային լսումների մասին տեղեկացանք լրատվամիջոցներից և ՀՀ Բնապահպանության նախարարության ինտերնետային կայքից: Սակայն ցավում ենք, որ հանքարդյունաբերական նման ծրագրերի հապճեպ կազմումը, հանրային լսումների ոչ պատշաճ ու ֆիկտիվ կազմակերպումը և Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաև բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետևանքներ ունեցող ոլորտը առաջ մղելու քաղաքականությունն ակտիվորեն շարունակվում է՝ առանց գիտակցելու դրա կործանարար հետևանքները: Ցավում ենք նաև, որ տնտեսության այլընտրանքային զարգացման ուղղությունները չեն դառնում պետական քաղաքականության մաս, և հանրությանը պարտադրվում են ոչ-կայուն, հեռահար հաշվարկներ չունեցող, ներկա և ապագա սերունդների կենսական միջավայրը ապականող, ինչպես նաև նրանց առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը հաշվի չառնող տնտեսական ծրագրեր:
Հայաստանի ամենախոցելի, և ազգային ու համաշխարհային նշանակության էկոհամակարգ ունեցող տարածաշրջանում, բաց հանք շահագործելու այս մտադրությունն ուղղակի զարմանք է առաջացնում: Հույս ունենք, որ տարածաշրջանի բնակչությունը կկարողանա դրսևորել ճիշտ դիրքորոշում և կընտրի զարգացման կայուն ուղի, որի լավագույն հնարավորությունն այսօր այն ունի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ՀՀ կառավարության խնդրանքով և անմիջական մասնակցությամբ հաստատվել է «Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծում» խոշոր դրամաշնորհային ծրագիրը՝ Գերմանական զարգացման բանկի 8,25 մլն եվրո արժողությամբ ներդրումով (ՀՀ բնապահպանության նախարարի 2012թ. հունվարի 30-ի ասուլիս): Այս ծրագրի իրականացմամբ տարածաշրջանի 12՝ այդ թվում Ծավ համայնքում, խթանվելու են կայուն սոցիալ-տնտեսական ծրագրեր, ստեղծվելու են գյուղատնտեսական արտադրության նոր հնարավորություններ և վերջապես՝ ներդրումներ են կատարվելու պահպանվող տարածքների կառավարման հզորացման ուղղությամբ: Այս ծրագիրն իր նշանակությամբ բացառիկ է, քանի որ նպատակաուղղված է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատվող Կենսոլորտային պահպանավայր ստեղծելուն: Այս ծրագիրը ու հանքի անմիջական հարևանությամբ գտնվող պահպանվող տարածքները (Շիկահող արգելոցը, Արևիկ ազգային պարկը, Խուստուփի նախատեսվող արգելավայրը) և ոսկու ներկայացվող բացահանքը պարզապես անհամատեղելի են: Անընդունելի է նաև Կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագիրը բացահանքով վտանգի ենթարկելու այս փորձը:
Բացի վերը նշված հանգամանքներից, անհայտ ծագման և հանքարդյունաբերության ոլորտում փորձ չունեցող «Օփուլենդ թրեյդին սոլյուշնս» ՓԲԸ-ի ներկայացրած՝ Բարձրադիրի ոսկու բացահանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ-ի) վերաբերյալ ցանկանում ենք արձանագրել, որ այն գրված է բազմաթիվ թերություններով և հատկապես շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության սխալ հաշվարկներով: Այս կապակցությամբ մենք շուտով կներկայացնենք հանգամանալից գնահատական: Կոչ ենք անում հանրային լսումներին մասնակցող տեղի բնակիչներին, ինչպես նաև այլ մասնակիցներին համարձակորեն դեմ կանգնել ոսկու բաց հանքի ծրագրին: Բնապահպանական մեր նախաձեռնությունները զորավիգ են սեփական երկիրը կործանարար տնտեսական ծրագրերից պաշտպանող բնակիչներին: Հատկապես Շիկահողի և Արևիկ ազգային պարկի նկատառումներով, հանրային լսումները պետք է իրենց մեջ ներառեն շատ ավելի լայն շրջանակներ ու խնդիրներ, քան բուն Ծավ համայնքի հիմնախնդիրները: Իմացեք, որ Երևանում և այլուր մենք սատարելու են Բարձրադիրի ոսկու բաց հանքը մերժող նախաձեռնությունները և առաջ ենք մղելու այլընտրանքային տնտեսական զարգմացման հնարավորությունները:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
Թեղուտի պաշտպանության խումբ