«Մենք» լրագրողական ակումբի մոտ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը անցկացնել բարեգործական միջոցառում: Անցյալ տարվա փուչիկներին այս տարի փոխարինել էին ժապավենները: Կազմակերպիչները այդպես էին իրականացնում իրենց բարեգործական դրամահավաքը:
«Հասկանալի պատճառներով այս տարի որոշեցինք ժապավեններով ակցիա իրականացնել: Որոշել ենք օգնել Ղարաբաղի ազատագրված տարածքներում բնակվող ընտանիքներին, ովքեր ունեն 10-ից ավելի երեխա կամ էլ դպրոցական երեխա: Նրանց համար կգնենք գրենական ու անհրաժեշտ այլ պիտույքներ»,- ասում է «Մենք» լրագրողական ակումբի ղեկավար Մարգարիտա Շալիմանյանը:
«Կապիր ժապավեն, նվիրիր ժպիտ». Այս կարգախոսով էին առաջնորդվում նրանք: Մեր այցելության ժամանակ կազմակերպիչները գրեթե անցել էին նախորդ տարում հավաքված գումարը: Ասեմ, որ անցյալ տարվա դրամահավաքից գոյացած հասույթը փոխանցվել է Հանրապետական թիվ 1 կրթահամալիրի սաներին:
Ցանկացողները մոտենում էին սեղանիկին, անում իրենց նվիրատվությունը ու ժապավենի վրա գրում իրենց սրտի խոսքը: Լուսինեն երեխաներին ցանկացել է երջանկություն ու շատ ժպիտ:
«Երբ տեսնում եմ, որ ռեալ գործ է արվում ու իրոք այդ օգնությունը կգնա և տեղ կհասնի, ինքս էլ եմ մասնակցում դրան»,- «Առավոտ երիտասարդականին» ասում է Լուսինեն:
Արամ Արարատյան