1661թ. հենց այս օրն է ծնվել միջնադարյան գրիչ, նկարիչ, բանաստեղծ եւ աշուղ Նաղաշ Հովնաթանը:
Ն. Հովնաթանի կյանքի մասին միակ գրավոր աղբյուրը նրա ավագ որդու՝ նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հակոբի ողբն է («Ողբամ արտասուօք, կոծով տխրութեան»)՝ գրված հոր մահվան առթիվ։ Հակոբի ողբից ենք իմանում Ն. Հովնաթանի ծննդյան և մահվան տարեթվերը, ինչպես նաև կենսագրական մի քանի փաստեր:
Թերեւս սա է պատճառը, որ հայ երիտասարդներից քչերին է հայտնի նրա ով լինելը: Հարցման մասնակից տասից չորսը կարողացան հստակ ներկայացնել այս միջնադարյան գրչին, վերհիշելով նրա բանաստեղծություններից մի քանի տող:
«Շատ եմ սիրում հատկապես իր սիրային բանաստեղծությունները: Որտեղ բնությունը նրա համար ասես ներշնչման աղբյուր լինի։ Գարունը բերում է բարիք, կյանք, նաև սեր, որը, ըստ բանաստեղծի, կյանքի իմաստն է, հարստությունն ու հաճույքը։ Իսկ այդ ամենը փոխանցվում է նաեւ մեզ՝ ընթերցողներիս»,-ասում է 20-ամյա Անահիտ Սահակյանը:
Նրա բանաստեղծությունները պահպանվել ու մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով։ Այն ձեռագրերի թիվը, որոնցում առկա են նրա ստեղծագործությունները մեծ կամ փոքր խմբերով, անցնում է հինգ տասնյակից։ Դրանցից առավել հարուստ և ամբողջական են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի №3263, №4426 և Վիեննայի Մխիթարյանների մատենադարանի №647 և №587 ձեռագրերը։ Ն. Հովնաթանի բանաստեղծությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ սիրո, գարնան, ուրախության և խոհական–խրատական։
Ն. Հովնաթանի նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում: Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։
Միրզոյան Քրիստինա