Ինչպես արդեն գիտեք «Առավոտ երիտասարդականը» կազմակերպել էր լուսանկարների մրցույթ, որում իր յուրահատուկ լուսանկարներով առաջին տեղը զբաղեցրեց Արթուր Օրդոյանը: Մեր ընթերցողներին որոշեցինք հնարավորություն տալ ավելի մանրամասն ծանոթանալու Արթուրի հետ, և իմանալու, թե լուսանկարելուց բացի ուրիշ ինչ նախասիրություններ ունի նա:
Արթուրը 21 տարեկան է, սովորում է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական բաժնում, նախասիրությունները տարբեր են. «Զբաղվում եմ լուսանկարչությամբ, նկարահանում եմ դեռ ուսանողական ֆիլմեր, կյանքիս նպատակներից մեկն էլ ռադիոհաղորդավար և ամենակարևորը արվեստագետ դառնալն է», – ասում է նա: Իր մասնագիտությունը շատ է սիրում ու մեծ հաճույքով է զբաղվում դրանով, չնայած այդ ամենին, նա փորձում է իր մյուս սիրելի մասնագիտություններին ևս տիրապետել: Վերջերս սկսել է նաև կիթառ նվագել, երաժշտությունը կարևոր դեր ունի նրա կյանքում.«Լսում եմ և’ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, և’ ռաբիս կատարումներ ևս, ու երբեք ոչ ոքի չեմ մեղադրի ռաբիս լսելու համար, պարզապես կարևոր է իմանալ, թե որտեղից է գալիս այդ ամենը», – ասում է նա, և հենց դրա համար էլ երբ արդեն հաջողվի նրան ռադիոհաղորդավար դառնալ որոշել է երաժշտական հաղորդում վարել. «Ուզում եմ երիտասարդությունը մի փոքր էլ ծանոթանա իսկական երաժշտության հետ», – ասում է նա:
Ֆիլմեր սկսել է նկարահանել մեկ տարի առաջ, մեծմասամբ նախընտրում է վավերագրական ֆիլմեր: Նկարահանել է երկու ֆիլմ՝ մեկը բանակային կյանքի մասին է, իսկ մյուսը՝ ավելի լուրջ մի թեմայով՝ գերեզմանոցի հարևանությամբ ապրող տատիկի մասին: Թեմաներն ինքն է ընտրել, պատճառը մեկն է՝ «Քանի որ նախընտրում եմ վավերագրական ֆիլմեր, դրա համար էլ ընտրել եմ ռեալ մարդկանց ու սոցիալական թեմաներ»:
Լուսանկարչությամբ զբաղվում է 2007 թվականից, «Սիրում եմ նկարել ոչ միայն գեղեցիկը, այլև իմաստը»: Լուսանկարները ներկայացվել են ցուցահանդեսում: «Առավոտ երիտասարդականի» կազմակերպած մրցույթից բացի` այլ մրցույթի չի մասնակցել. սա նրա առաջին ու դեռևս միակ հաղթանակն է լուսանկարչական արվեստում:
Տիգրանուհի Թասլակյան