Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մալաթիայում մոտ վաթսուն հայ կա, որ քրիստոնյա է, բայց հիմնականում հայերեն չգիտե (Ֆոտոշարք)

Մայիս 27,2012 12:50

Արմանը հայ է Մալաթիայից, կահույքագործ է:

 

Արմանի եղբայր Մուրադն է:

Երեկ հայ եւ թուրք լրագրողների խումբը, որը Եվրասիա հիմնադրամի եւ CPoT կազմակերպության համատեղ SATR ծրագրի շրջանակներում իրականացնում է երկու երկրների լրագրողների համատեղ ավտոբուսային շրջագայությունը Թուրքիայի եւ Հայաստանի տարածքով, գտնվում էր Մալաթիայում, որտեղ հանդիպեց մալաթիահայերի «Հայդար» միության ներկայացուցիչ Սերդար Բոյաջիի հետ (Հայաստանում երբեմն հանդիպող Բոյաջյան ազգանունը, ինչպես պարոն Սերդարի անունը, թուրքական ծագում ունի եւ նշանակում է նկարիչ, ներկարար), որը Մալաթիայում բնակվող թվով 55-60 իր ազգությունը չթաքցնող եւ քրիստոնյա հայերից մեկն է: Ըստ պարոն Բոյաջիի` բացի իրենցից, Մալաթիայում բնակվում են եւս 150-ի չափ մուսուլմանացած եւ ծպտված հայեր:

«Հայդարի» հիմնական գրասենյակը Ստամբուլում է, ունի իր մասնաճյուղը նաեւ Անկարայում, ունի իր ֆեյսբուքյան էջը, վեբկայքը: Պարոն Բոյաջին ասաց, որ շուտով «Հայդարը» կունենա նաեւ Թուրքիայից դուրս բնակվող մալաթիահայերին միավորող ճյուղեր:

Մալաթիայում, ի տարբերություն Ստամբուլի, հայերի եւ մյուս քրիստոնյաների համար իրենց ազգային ինքնությունը հայտարարելը կարող է որոշ խնդիրներ առաջացնել: Մեր խմբի ճամփորդավարը` Ալի բեյը, պատմեց, որ մեկ-երկու տարի առաջ Մալաթիայում ընդհատակյա ազգայնական խմբերը հարձակումներ էին գործում քրիստոնյաների վրա, ինչի արդյունքում անգամ զոհ է եղել:  Մալաթիան այսօր մի մեծ, հարյուրավոր նորակառույց շինություններով լի, մեկ միլիոնից ավելի բնակչությամբ քաղաք է: Մեզ ուղեկցող թուրք ճամփորդավարն ասաց, որ այս քաղաքը իր նոր կյանքն է առել 1983-ից հետո, երբ Թուրքիայի վարչապետ դարձավ մալաթիացի Թուրգուտ Օզալը: Իր հայրենի քաղաքը շենացնելու նպատակով Օզալը այստեղ մի քանի գործարան է բացել, շենքեր կառուցել, ճանապարհներ նորոգել.«Մալաթիացիները շատ բախտավոր են, որ Օզալի նման հայրենակից ունեն»,-ասաց Ալի բեյը: Ի դեպ, ներկայումս Մալաթիայում շատ են Թուրքիայի արեւելքից ներքին ներգաղթի արդյունքում եկածները, գերազանցապես` քրդերը:

Մալաթիան ողջ Թուրքիային, նաեւ Թուրքիայից դուրս հայտնի է իր ծիրաններով եւ ծիրանի չրերով: Մենք էլ փորձեցինք այդ հայտնի ծիրանաչրերից եւ հասկացանք, որ փառքը վաստակած է:

Պարոն Բոյաջին ասաց, որ իրենց պապերը պատմել են, թե ժամանակին Մալաթիայում կար չորս եկեղեցի, որոնցից մեկը վերածվել է մզկիթի, երկուսը ավիրված վիճակում են, չորրորդի մասին տեղեկություն չունեն: Լրագրողների խումբն այցելեց Մալաթիայի ավիրված եկեղեցիներից մեկը` Սուրբ Երրորդությունը: Եկեղեցին այցելուների համար փակ է, եւ միայն հատուկենտ դեպքերում են բացում: Մեր` հայ եւ թուրք լրագրողների համար եկեղեցու դուռը բացվեց, բանալին բերեցին Սերդարի զարմիկները` Արմանը եւ Մուրադը: Ինչպես Սերդարը, նրանք էլ հայերեն ոչ խոսում էին, ոչ հասկանում, բայց քրիստոնյա էին:

Սուրբ Երրորդություն եկեղեցին չափից դուրս անխնամ վիճակում էր, եւ, բնականաբար, որպես եկեղեցի չէր կարող ծառայել: Սակայն ակնկալվում է, որ շուտով այս եկեղեցին նորոգվելու է եւ ծառայելու է կամ որպես գրադարան կամ որպես մշակութային կենտրոն:

Պարոն Սերդար Բոյաջին պատմեց, որ դիմել են քաղաքապետին, որպեսզի հայերով ունենան մի հավաքատեղի, որը կլինի ակումբի նման մի տեղ` խաղալու, զբաղվելու, հավաքվելու համար, եւ խնդրել են, որ քաղաքապետարանը գումար տրամադրի հայկական գերեզմանոցում չգործող աղոթատեղին վերականգնելու համար: Քաղաքապետարանը մերժել է եւ գումար տրամադրելը եւ վերակառուցելը: Այդ ժամանակ խնդրել են, որ հենց իրենք իրենց միջոցներով վերանորոգեն, քաղաքապետրանը համաձայնվել է: 2011-ի աշնանը սկսել են շինարարական աշխատանքները, որոնք արժեցել են մոտ 60-65 հազար դոլար եւ ավարտվել են 2012-ի փետրվարին: Փետրվարի 2-ին եղել է կենտրոնի բացումը, հենց հաջորդ օրը քաղաքապետարանը հիմնահատակ ավիրել է կառույցը, քանի որ «եկեղեցու տեսք ուներ»:

Երբ հայեը բողոքով գնացել են քաղաքապետի մոտ, վերջինս ցույց է տվել, թե իր համար էլ էր դա շոկ, եւ եղածը թյուրիմացության արդյունք է` իրենք ընդամենը ուզում էին մի քիչ ձեւափոխել, որպեսզի եկեղեցի չհիշեցնի: Այդուհանդերձ, քանի որ «Հայդարը» ոչ միայն Մալաթիայում բնակվող հայերի միությունն է, այլեւ Թուրքիայի ողջ տարածքում բնակվող մալաթիահայերի, նրանք կարողացել են մեծ աղմուկ բարձրացնել, այդ թվում` թուրքական լրատվամիջոցներով, եւ արդյունքում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը զանգել է Մալաթիայի քաղաքապետին, թե` էս ի՞նչ հաշիվ է…

Դրանից հետո «Հայդարի» ներկայացուցիչներին կանչել են եւ տեղեկացրել, որ այս աշնանը հայկական ակումբը կվերակառուցվի:

Մալաթիայի հայկական գերեզմանոցում մենք տեսանք այդ հիմնահատակ ավիրված շինությունները:

Հայկական գերեզմանոցում պահպանված ամենահին գերեզմանը Մարթա Օբոզյանի գերեզմանն էր, որը մահացել է 13 տարեկան հասակում` 1910 թվականին:

Մալաթիայի կտուրներին ջրի բաքեր են: Ջուրը տաքանում է արեւի էներգիայով:

Քաղցրավենիքի եւ ընդեղենի բազմաթիվ խանութներից մեկը:


Մալաթիան իսկապես ծիրանի քաղաք էր` ծիրանաչրերը այնտեղ բազմատեսակ եւ բազմահամ էին:

Սերդարը իր պապիկի եւ նրա քրոջ գերեզմանի մոտ

Տարեթվի սխալի պատճառով Սաթենիկ Կիզիլկեշիշօղլին, ստացվում է, որ ապրել է 760 տարի:

 

Մալաթիայի քաղաքապետարանի որոշմամբ քանդված հայկական ակումբը:

Սա Մալաթիայի հայկական գերեզմանի պահպանված ամենահին գերեզմանն է:

 

 

 

 

«Սուրբ երրորդություն» եկեղեցին Մալաթիայում

Եկեղեցու մեջ այս ատրճանակը, թեկուզ խաղալիք, ճիշտ չէր հասկացվում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031