Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ չէր ցանկանում, որ Պոլսո հայոց պատրիարքարանում աթոռակից պատրիարքի ինստիտուտը ներդրվի (տեսանյութ)

Մայիս 27,2012 10:47

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակը կայուն վատ է: Վաղարշակ սարկավագ Սերոբյանը Ստամբուլում գտնվող հայ լրագրողների խնդրանքով, որոնք այստեղ են USAID-ի ֆինանսավորմամբ եւ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ու Clobal Political Trends Center-ի կողմից իրականացվող SATR` «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» ծրագրով, խոսեց Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակի մասին, գնահատելով այն` «քայքայված»: «Անշուշտ, որպես առողջություն քայքայված է, բայց իր հիվանդ վիճակը կայուն է, անշուշտ, իր պատրիարքական պաշտոնները կատարել ի վիճակի չէ», ասաց նա:  Վաղարշակ սարկավագի խոսքերով ժամանակին պատրիարքարանն առաջարկեց  աթոռակից պատրիարքի սիստեմը մտցնել, սակայն ստամբուլահայ համայնքի մի մասը չհամաձայնվեց, ասելով, որ «մեր ավանդույթների մեջ չկա աթոռակից պատրիարքի» ինստիտուտը, եւ հիմա Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատրիարքարանի գլխին է որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ:

«Ճիշտ է, մեր ավանդույթների մեջ չկա աթոռակցի սիստեմը, բայց մեր ավանդությի մեջ պատրիարքի հիվանդությունն էլ չկա: Եվ 100-150 տարի առաջ, երբ Ազգային Սահմանադրությունը պատրաստվեցավ, այդպիսի հիվանդություն գոյություն չուներ»,- նկատեց սարկավագը, հավելելով. «Այդպես պատրիարքական փոխանորդի սիստեմը որդեգրվավ եւ այդպես մնաց: Եվ ըստ Ազգային Սահմանադրության` մինչեւ իր վախճանը պատրիարքը` Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, պատրիարք է, քանի որ 1998 թ, ազգին ընտրածը ինքն է, եւ մինչեւ իր աշխարհիկ կյանքեն քաշվելը ինքը պատրիարք պիտի ըլա, ադկե վերջ ինչ պիտի ըլլա` հետո կորոշենք»:

Պատրիարքարանի շենքի վերեւի հարկը պատրիարքի բնակարանն է նաեւ, «Առավոտի» հարցին` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն հիմա այդտե՞ղ է բնակվում, Վաղարշակ սարկավագն ասաց, որ ոչ, քանի որ փոխանորդ է: Բացի այդ, նա ասաց նաեւ, որ Արամ արքեպիսկոպոսը չի կարող նաեւ եկեղեցականի շորերով հայտնվել հասարակական վայրերում, քանի որ այդ իրավունքն Թուրքիայում տրված է միայն չորս հոգու` հայոց, հունաց եւ ասորիների պատրիարքներին, ինչպես նաեւ հրեաների հոգեւոր առաջնորդին: Հետաքրքիր է սակայն, որ հետո օդանավակայանում, երբ Ստամբուլից մեկնում էինք Մալաթիա, տեսանք հոգեւորականի հագուստով առնվազն երկու հոգու, ընդ որում, չէր թվում, թե նրանք այդքան բարձր եկեղեցական պաշտոն ունեն:

Ինչ վերաբերում է պատրիարքի փոխանորդի կամ աթոռակից պատրիարքի պատմությանը, ապա «ԱԳՈՍ»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն ասաց, որ այնքան էլ այնպես չի, թե համայնքը չի ցանկացել աթոռակցի պաշտոնը ներդնել, ավելի շուտ պատրիարքարանը չի ցանկացել դա, քանի որ զգացել է, որ Արամ Աթեշյանի ընտրվելու հավանականությունը մեծ չէ: Իսկ քանի որ թուրքական պետության համար Արամ Աթեշյանը շատ հարմար թեկնածու է, իր կողմից պետությունն էլ է սկսել խոչընդոտել աթոռակցի ինստիտուտը մտցնելուն, որպեսզի համայնքային ընտրություններ չանցկացվեն եւ Արամ արքեպիսկոպոսի փոխարեն անհայտ կամ քիչ հայտնի եւ անկանխատեսելի մեկը չհայտնվեր հայ համայնքի հոգեւոր ղեկավարի դերում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031