Հայ եւ թուրք
լրագրողների խումբը, որ արդեն չորրորդ օրն է, իրականացնում է SATR ծրագրում տեղ գտած Թուրքիա-Հայաստան ավտոբուսային երկշաբաթյա շրջագայությունը, այսօր Մալաթիայից մեկնեց դեպի հանրահայտ Նեմրութ սարը: Ճանապարհը դժվար էր` բազմաթիվ ոլորաններով, երկարատեւ` մոտ 2,5 ժամ տեւեց, սակայն անչափ գեղեցիկ: Ողջ ճանապարհին լեռների գեղեցիկ հերթափոխն էր` մեկ փշատերեւ անտառներով պատված, մեկ` լրիվ լերկ, մեկ էլ` կանաչ-կանաչ, տեղ-տեղ- ձյան շերտերով…
Նեմրութի գագաթի արեւելյան եւ արեւմտյան կողմերում հին աստվածների արձանախմբեր են: Մենք գիտենք, որ դրանք հայկական աստվածություններ են, Կոմագենի Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69-34) կառուցած դամբարանաբլուր սրբավայրը, սակայն մեզ ուղեկցող թուրքերն էլ սովորել էին, որ դրանք հունական ծագման քանդակներ են:
Արեւմտյան հատվածում լեռան գագաթին գահերն են եւ աստվածների մարմինների մի հատվածները, իսկ ներքեւում` նրանց գլուխները: Արեւելյան կողմից մինչ արեւմտյանը արձաններ չկան, սակայն քարե տաշեղներով ծածկված լեռն ինքը անչափ գեղեցիկ է: Այստեղ մարդիկ գալիս են հատկապես մայրամուտը դիտելու, որը, ըստ ականատեսների, մի աննկարագրելի տպավորություն է` գույների անկրկնելի խաղով: