Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը` ՀՅԴ-ի առաջադրած թեկնածուի խնջույքին

Մայիս 26,2012 16:33

Մայիսի 18-ին Արարատի մարզում գտնվող, մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրում, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամների հետ մասնակցել է Արայիկ Գրիգորյանի` ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ կազմակերպված խնջույքին: Նախագահի` հետընտրական խնջույքներին մասնակցելու սովորույթի ֆոնին այս տեղեկությունը կարող էր սովորական լինել, եթե մի քանի հետաքրքիր համգամանք չլիներ: Թիվ 18 ընտրատարածքում անկուսակցական Արայիկ Գրիգորյանին առաջադրել էր  ՀՅԴ-ն: Վերջինս նախորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ խմբակցության անդամ էր: Սակայն, այդ ընտրատարածքում, խորհրդարանական ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով առավելագույն ձայներ է հավաքել ՀՀԿ-ն: ՀՀԿ տեղական կառույցներն էլ աշխատել են Արայիկ Գրիգորյանի համար` նրան գերադասելով իր մրցակից ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանից: Հատկանշական է, որ Դաշնակցական վերնախավից ոչ ոք չի մասնակցել կուսակցության առաջադրած թեկնածուի հաղթանակի պատվին կազմակերպված խնջույքին: Ոչ պակաս հատկանշական է, որ նախագահն ու ՀՀԿ-ական վերնախավը չեն մասնակցել  թիվ 17 ընտրատարածքից ՀՀԿ-ի կողմից առաջադրված եւ ընտրված թեկնածու Կարինե Պողոսյանի խնջույքին: Վերջինս Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ աղջիկն է: Նախագահն ու ՀՀԿ-ական վերնախավը չեն մասնակցել  նաեւ թիվ 16-ում ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի` բնապահպանության նախկին նախարարի, խնջույքին: Բոլոր խնջույքները տեղի են ունեցել «Ռենեսանս» հյուրանոցային համալիրում:

Արայիկ Գրիգորյանի խնջույքին մասնակցել են նաեւ մարզպետ Էդիկ Բարսեղյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել, ասում են պատճառը` հորեղբոր որդու մահն էր: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի կենացը խմել են: Այդ խնջույքին մասնակցել է նաեւ Արարատ քաղաքի քաղաքապետ, վերջերս ընտրված հին ՀՀԿ-ական Ափիկ Աբրահամյանը: Նկատենք, որ Արարատ քաղաքում համամասնական ընտրակարգում առավելագույն ձայներ էր հավաքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Նախագահը այդ խնջույքին մնացել է 3-4 ժամ, բավական բարձր տրամադրություն է ունեցել: Բաժակաճառերից մեկում էլ ասել է, որ նախընտրական շրջանում ինչ որ խոստացել են թեկնածուները ժողովրդին, անպայման պետք է կատարեն: Եթե միանգամից չեն կարող, ապա փուլ առ փուլ պետք է անեն: Խնջույքը ավարտվել է գիշերը ժամը 2-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031