Երեկ վերջին զանգն էր: Իսկ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը այդ մասնին մտածում են ավելի վաղ ու գրում երգեր հենց այդ թեմայով: Բացառություն չէ փոքրիկ երգչուհի, «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանը ներկայացրած Դալիթան:
«Դեպի նոր մի կյանք». այսպես է կոչվում նրա` թվով երկրորդ տեսահոլովակը: Մինչ սա, նա հայտնի էր իր «Welcome to Armenia» երգով: Hayfanat.com-ի յութուբյան բաժնում նոր տեսահոլովակը հայտնվել է օրերս ու գերազանցել 5000 դիտումը:
Խոսքերի հեղինակը ինքն է` Դալիթան, երաժշտությունը գրել է Էդմոնդ Մակարյանը, իսկ ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է:
«Իմ կյանքի ուրախ օրեր, իմ հոգու անմար հուշեր, իմ մանկություն` դպրոց, իմ լավ ընկերներ». Այսպես է սկսում իր երգը Դալիթան ու պատմում հիշողությունների, ապագայի երազանքների մասին:
Լավագույն մեկնաբանությունների շարքում տեղ են գտել հետևյալ մեկնաբանությունները, ի դեպ` եղել է նաև մեկնաբանություն Նիդեռլանդներից. «Շատ լավն եք: Ես հպարտանում եմ, որ մենք սենց սիրուն, տաղանդավոր, ժամանակակից երեխեք ունենք, ինչ լավ են պարում: Ապրեք դուք, հայ երեխեքը ինձ ավելի շատ են ուրախացնում, քան մեծերը», « Very good song! I liked Welcome to Armenia more; but this one is also great!Greets from the Netherlands»:
Արամ Արարատյան