Մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՙԿիրառական քաղաքագիտություն՚ դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Ծրագրին մասնակցել է մրցութային կարգով նախապես ընտրված 25 երիտասարդ, ովքեր մարտի 2-ից ապրիլի 29-ը շաբաթական չորս օր մասնակցել են տարբեր թեմաներով սեմինարների։ Դասընթացավարները հեղինակավոր գիտնականներ, փորձագետներ, վերլուծաբաններ էին։
Դասընթացի նպատակը, ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի, երիտասարդների շրջանում քաղաքական գիտելիքների մակարդակը բարձրացնելն է։ ՙԿրթական ծրագրերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար գերակա ուղղություն են, որի կարևորագույն բաղկացուցիչ տարրերից են քաղաքագիտական դասընթացները։ ՙԿիրառական քաղաքագիտություն՚ խորագրով սեմինարների ընթացքում խորությամբ ուսումնասիրվել են բազմաթիվ թեմաներ։ Այսօր բավականաչափ հեշտացել է տարբեր երկրներում տարաբնույթ թեմաներով սեմինարների մասնակցելը, որոնց ընթացքում հաճախ արցախյան հարցի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող քննարկումներ են տեղի ունենում։ Մեր երիտասարդները պետք է տեղեկացված լինեն ընթացող զարգացումներից և հստակ իմանան Հայաստանի դիրքորոշումը նման հարցերում՚,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ մենք տարբեր ոլորտներում ներկայանալիության խնդիր չունենք. կան փայլուն երիտասարդներ, ովքեր ըստ արժանվույն կարողանում են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն ամենահեղինակավոր ամբիոններից։
ՙԿիրառական քաղաքագիտություն՚ խորագրով սեմինարի դասընթացավար, Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդգծում է, որ այսօր բավականին շատ են ինֆորմացիոն հոսքերը, որտեղ ճշմարիտ կամ ճշմարտանման տեղեկությունը և հակահայկական քարոզչությունը հաճախ առանց հասկանալու, երբեմն նաև միտումնավոր խառնվում են իրար։ Նման դասընթացներում ստացած գիտելիքները, ըստ Էդգար Հովհաննիսյանի, երիտասարդները կկիրառեն նաև սոցիալական ցանցերում և համացանցային տիրույթում։
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախատեսում է քաղաքագիտության ոլորտում դասընթացները դարձնել շարունակական։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն