Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարող շարունակաբար ժխտել

Մայիս 26,2012 13:29

Ժխտումը արհամարհանք կլիներ

Ահա եւ հասանք եւս մի Ապրիլի 24-ի, այն օրվան, երբ աշխարհով մեկ հայերը հիշում են, որ իրենց նախնիներից հազարավորները ոչնչացվեցին այն դեպքերի ընթացքում, որոնք լայնորեն ճանաչված են որպես՝ 1915-ի Հայոց ցեղասպանություն: Ես պատմաբան չեմ, ոչ էլ միջազգային իրավունքի մասնագետ, բայցեւայնպես պարտավորված եմ զգում հաղորդելու իմ անձնական ճանապարհից որոշ գաղափար եւ թե ինչպես է այն վերաբերվում հայ-թուրքական հարաբերություններին:

Ես հիսուներկու տարեկան թուրք-ամերիկացի կին եմ: Երեսուն տարուց ավելի ապրել եմ Բոստոնի շրջանում՝ նախ որպես համալսարանի ուսանող, հետո էլ որպես հեռուստատեսային աշխատակից, եւ վերջերս էլ՝ որպես միջազգային հարաբերությունների ավագ ուսանող: Պետք է խոստովանեմ, որ մինչեւ քառասունական տարիներիս երկրորդ կեսը երբեւէ իսկական խոսակցություն չէի ունեցել որեւէ հայի հետ իր անձնական կամ ազգային պատմության շուրջ, ուր մնաց՝ Հայոց ցեղասպանության մասին: Ինչո՞ւ:

Պատասխանը նշում է, թե ինչու եմ հիմա պարտավորված զգում իմ անձնական ճանապարհի մասին գրելու եւ թե ինչպես եմ վերաբերվում երկու՝ իրարից քառորդ դարով բաժանված սպանություններին:

1982թ. մայիսի 4-ին ինձ լուր հասավ, որ մեկը, ում հետ անձնապես ծանոթ էի, զենքով սպանվել էր աշխատանքից տուն գնալիս: Այդ բարի ու մեղմ մարդը Օրհան Գյունդյուզն էր՝ Թուրքիայի այն ժամանակվա պատվո հյուպատոսը Բոստոնում: Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի նրա փոքր հուշանվերների խանութ մի պահ մտել էի՝ արագ բարեւ ասելու, փաստորեն իր մահվանից ընդամենը մի քանի ժամ առաջ: Հիշում եմ, թե ինչպես իր տիկնոջը փորձում էի մխիթարել մի քանի հեռախոսազանգով, սփոփանքի մի քանի բառ ասել հուղարկավորության ժամանակ: Բայց ամենից շատ հիշում եմ, թե ինչպես Գյունդյուզի սպանությունը («Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կոչեցյալ մի խումբ պատասխանատվությունը կրեց) ինձ այնքան շվարեցրեց, որ հաջորդ քսանհինգ տարին առհասարակ խուսափեցի այդ նյութից:

Ութսունականների առաջին կեսին այս շրջանի ազդեցիկ թուրքերը հաճախ ինձ քարոզչական նյութեր էին ուղարկում, որպեսզի հանձնեի դրանք «WCVB» հեռուստակայանին: Նպատակն այն էր, որ թուրքական պաշտոնական պատմությունից դուրս (այն, որ 1915-ի դեպքերը դիտարկում էր որպես «ցեղասպանության պնդումներ») որեւէ բան արեւմտյան տեղեկատվամիջոցներին հասու չլինի: Սա նաեւ այն ժամանակն էր, երբ այն հաղորդումը, որի համար աշխատում էի՝ «Chronicle» («Ժամանակագրություն») լրատվական հաղորդումը, Բոստոնի հարուստ բազմազանության մասին նյութեր էր պատրաստում: Բայց Բոստոնի համեմատաբար փոքր թուրքական համայնքի մասին նյութ չեղավ, եւ երբ ժամանակն էր «Chronicle»-ի հայերի մասին դրվագը ցույց տալու, ես պարզապես գործի չգնացի՝ կյանքիս մեջ առաջին ու վերջին անգամը լինելով: Ես պարզապես պատրաստ չէի այդ «ց»-ից սկսվող բառի կրկնությունը լսելու հեռուստատեսությամբ եւ գիտեի, թե անպայման օգտագործվելու էր… այդ չարաբաստիկ, վախենալիք, մշտապես խուսափվելիք բառը՝ ցեղասպանություն: Այդ մտայնությունը շատ պարզ է, եթե Թուրքիայում ծնված-մեծացած լինես: Ինչպես իմ սերնդի գրեթե բոլոր թուրքերի, հայերի մասին իմ գիտելիքները սահմանափակված էին դրանով, ինչ մեզ մատակարարել էին պատմության դասերի ժամանակ. հայերը թշնամիների կողքին էին Օսմանյան կայսրության վերջին օրերին, եւ դրա համար մինչեւ վերջ դրանք դրոշմվել էին որպես Թուրքիայի եւ թուրքերի դավաճաններ:

Գյունդյուզի սպանությունից երկու տասնամյակներ անցան, եւ այդ ընթացքում ես պարզապես հեռու մնացի Հայոց ցեղասպանության նյութից, որովհետեւ շատ անհանգստություն էր պատճառում, շատ ցավալի էր, ու շատ դժվար արծարծելու: Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլէչըրի անվան դպրոցում վերջնական թեզս Թուրքիայի քրդերի իրավունքների մասին գրեցի. հայերի նյութը շրջանցեցի: Մեծ ոգեւորվածությամբ ձեռնամուխ էի լինում Թուրքիայի քրդերի իրավունքների խնդրում, բայց հայերի մասին որեւէ բանից հեռու մնացի: Ուրեմն, քսան տարվա ընթացքում երկու երեխա մեծացրի՝ իրենց մեջ սերմանելով հավասարության իրավունքի եւ հասարակական արդարության իմ իսկ արժեքները, բայց մեկ բացառությամբ. երբեք չխոսեցի հայերի մասին կամ թե ինչու էլ չէի գնում Ուաթըրթաուն (Միացյալ Նահանգների երկրորդ ամենահայաբնակ շրջանը) Օրհան Գյունդյուզի մահվանից հետո՝ մեկին, ում երեխաներս չէին էլ հանդիպել:

Եվ հասավ 2006-ի ամառը, երբ հրավիրվեցի աշխատելու հայ-թուրք երկխոսության մի ծրագրում, որը մասամբ կապ ուներ Հարվարդի համալսարանի հետ: Երբ շրջապատվում էի նոր գիտելիքներով (օրինակ, Օսմանյան կայսրության հայերի պատմությունը՝ մի նյութ, որ բացակա էր իմ դպրոցական պատմության դասագրքերից) եւ նոր ընկերներով (օրինակ, հայ-ամերիկացիներ, որոնց հետ զուգահեռ կյանք էի ապրում՝ մինչ այդ առանց մի բառ անգամ փոխանակելով), մի սպանության լուր հասավ: Հրանտ Դինք՝ Թուրքիայում՝ հայ խմբագիր, Պոլսում իր գրասենյակի դիմաց զենքով սպանվել էր տասնվեց տարեկան ազգայնամոլ մի թուրքի կողմից: Ես շատ բան չգիտեի Դինքի մասին այդ ժամանակ: Միայն գիտեի որ «Ակոսի» հիմնադիրն էր՝ Թուրքիայի առաջին համայնքային թերթի, որ ե՛ւ հայերենով, ե՛ւ թուրքերենով էր տպագրվում… որ նա ավանդաբար լուռ ու զուսպ հայ համայնքի աչքերն էր բացել՝ քաջալերելով ե՛ւ հայերի, ե՛ւ թուրքերի, որ բացեիբաց խոսեն իրենց ինքնության եւ ընտանեկան պատմությունների մասին… որ անթիվ անձինք Թուրքիայում հայտնել էին իրենց կորած հայկական ակունքները իր օգնությամբ եւ աջակցությամբ:

Բայց ես այդ ամենը չգիտեի, այդ ճակատագրական օրը, երբ առավոտյան լուրերը միացրի: Երբ լսեցի որ Դինքը սպանվել է, միայն մի բան գիտեի ամբողջովին վստահությամբ. ահավոր ու ատելի մի դեպք էր պատահել, եւ դա անընդունելի էր: 2007-ի հունվարի 19-ն էր՝ Հայոց ցեղասպանության նյութը իմ դեն գցելուց քսանհինգ տարի անց:

Ուրեմն հաջորդող հինգ տարին անցա երկար ու ոլորուն ճանապարհով՝ սովորելով, կարդալով եւ մտածելով, լսելով զանազան մարդկանցից՝ տեղում եւ արտասահմանից՝ անձնապես, տեղեկատվամիջոցներով, եւ համացանցով: Դասընթացների մասնակցեցի, միջոցառումներում ներկա գտնվեցի եւ անթիվ ֆիլմեր եւ այլ նյութեր դիտեցի Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների վերաբերյալ: Բայց ամենակարեւորը՝ բյուրավոր հայերի հետ խոսեցի, զանազան տեղերից ու կապերով՝ չափից դուրս աշխույժ երիտասարդներ, աշխատասեր միջին տարիքի անձինք, եւ մի քանի մեծահասակ գանձեր, ինչպես Արեգա Տէր Ղազարեանը, Ուաթըրթաունից, ով շուտով հարյուր տարեկան կդառնա: Սուրճի ու թեյի շատ սեղանների շուրջ ընկերացա Հէրի Բարսեղեանի հետ, ում նախնիները Կեսարիայից են եւ ով հաճախ Թուրքիա է գնացել: Թատերագիր Ջոյս Վեն Դայքին հետ ծանոթացա. նա ներշնչվեց շատ գեղեցիկ մի ներկայացում գրելու իր մեծ մոր պատմության հիման վրա՝ Էլմասի, ով ցեղասպանության վերապրող էր Մեզիրե գյուղից (այժմյան Էլազըղի շրջանում): Եվ դիտեցի ու գնահատեցի Ռոջըր Յակոբեանի դիտանյութերը՝ Լեքսինգթըն, Մասաչուսեթսից գորգի մասնագետ: Նա երբեք չի կորցնում առիթը ինձ պատմելու Մարաշի (իր նախնիների քաղաքի) թուրք քաղաքապետի մասին, ով 1915-ի սարսափանքին շատ հայերի կյանքը փրկեց: Ե՛վ նյութական, ե՛ւ հոգեկան կորստի անթիվ պատմություններ լսեցի իմ նոր ձեռք բերած հայ ընկերներից եւ ականատես դարձա այդ հայերի բարեկամական շարժումներին, երբ նրանք իրենց նախնական վախը հաղթահարեցին ու որոշեցին այցելել իրենց նախնիների հողերը այսօրվա Թուրքիայում: Գնալով ու ծանոթանալով նախկին հայկական վայրերի հետ եւ հասկանալով, թե ինչու յուրաքանչյուր հայ, ում հանդիպում էի, նշում էր տեղանուն, որի միայն թուրքական անունը գիտեի, տխրեցի՝ բայց առավել եւս ջղայնացա, տեղեկության պակասից եւ Թուրքիայում արգելք առաջացնող լռությունից:

Բայց նաեւ իմ թուրք ընկերներից ու գործընկերներից որոշ բաներ եմ սովորել այս քանի տարվա ընթացքում: Զանազան տեղերից թուրքերն անսովոր ճնշում են զգում, երբ խոսում են հայերի հետ՝ 1915-ի դեպքերի շուրջ: Քանզի ամեն հայ այդ շրջանին անվանում է Հայոց ցեղասպանություն եւ նույնն է սպասում լսել թուրքերից, այս երկու խմբերի միջեւ խուլերի խոսակցություն է ընթանում: Շատ թուրքեր, որոնք նոր-նոր են սկսում իրենց իսկ պատմության մասին սովորել, այնպես են զգում, թե կարծես մեկն իրենց անընդհատ փորձում է լռեցնել: Սա ճշմարիտ է նաեւ այն թուրքերի համար, որոնք բացեիբաց դատապարտում են Օսմանյան կառավարության 1915-ի ոճրագործությունները եւ որոնք ընդունում են, որ հազարավոր անմեղ հայեր՝ ներառյալ կանայք եւ երեխաներ, որոշ թուրքերի կողմից սպանվեցին: Բայց իրենք պարզապես չեն կարող «ց»-ից սկսվող բառը արտաբերել: Նրանք նաեւ զգում են, որ ավելի ուշադրություն պետք է դարձվի այն ժամանակում Օսմանյան կայսրության վրա ճնշումների ծավալին՝ ընդ որում՝ արեւմտյան երկրներից, որոնց գաղափարախոսություններն ընդգրկում էին մահմեդականների դեմ ատելության մոտեցումներ: Շատ թուրքեր այսօր չեն ուզում, որ իրենց նախնիներին «բարբարոսի» պիտակը փակցվի:

Եթե հասկացումը գալիս է քառորդ դար անց՝ ինչպես ինձ հետ պատահեց, կամ էլ մի օր հետո՝ խորհրդածելով, ես հավատում եմ, որ յուրաքանչյուր թուրք պետք է իմանա ու ընդունի մի պարզ ճշմարտություն. միգուցե մի տեղ, մի ձեւ, միգուցե նրա նախնին անմեղ հայի կյանքը խլեց, միայն՝ որովհետեւ նա հայ էր: Այդքանը: Երբ տեղեկության այդ միավորը հասկացվի, անկեղծորեն ընդունվի, մարսվի, եւ իր տեղը գտնի յուրաքանչյուր թուրքի սրտում ու մտքում, այն ժամանակ ու միայն այն ժամանակ կկարողանանք բոլորս էլ էջը դարձնել: Օրհան Գյունդյուզը սպանվեց, որովհետեւ նա թուրք դիվանագետ էր, եւ նա ներկայացնում էր այն մոլորյալ լռությունը, որ ազդում էր աշխարհի միլիոնավոր հայերի վրա: Հրանտ Դինքը սպանվեց, որովհետեւ նա հայ էր Թուրքիայից, ով բարձրաձայն խոսում էր եւ առաջ էր քաշում լռության հակառակը նույն նյութի շուրջ: Որպես մարդ՝ ոչ թուրք, հայ կամ ամերիկացի, ով ատում է կարծրատիպերի գաղափարը, արհամարհանքը, հարձակումը, թիրախումը կամ սպանությունն ըստ ազգային պատկանելության, ես լացեցի այն երկու սպանություններից հետո: Բայց ահա եւ ինչպես են տարբերակվում այդ երկու դատապարտելիք գործարքներն իմ հոգում ու սրտում. առաջին սպանությունն ինձ առաջնորդեց դեպի լռության եւ տգիտության տարիներ, բայց երկրորդը՝ դեպի գիտելիքի ու ճշմարտության հետապնդում:

Արդյոք ի՞նչ ասած կլիներ Օրհան Գյունդյուզը Հրանտ Դինքին, երբ երկուսն էլ ողջ էին: Ավաղ, երբեք չենք իմանա, որովհետեւ մեզ չէր թույլատրվում մեր պատմության խորքերը փորփրել կամ ձայնից զրկվածներին ձայն տալ այն տարիներին, երբ Գյունդյուզը ողջ էր:

Ուրեմն այս բոլորը ինձ որտե՞ղ է թողնում՝ հայ-թուրքական հարաբերությունների չարչարյալ տարածքում: Հույսեր փայփայո՞ւմ եմ, երբ խոսում եմ նոր սերնդի հայերի ու թուրքերի հետ: Այո: Զզվո՞ւմ եմ ու գարշո՞ւմ եմ, երբ Պոլիսի փողոցներում հստակորեն ազգայնամոլ եւ հակահայկական քարոզչություն եմ տեսնում: Առանց կասկածի: Պատրա՞ստ եմ հույսս թողնելու: Իհարկե՝ ո՛չ: Ես հավատում եմ, որ եթե ոչ իմ երեխաների սերունդը, ապա իրենց թոռների սերունդը վերջապես ձեւը կգտնի այս իրավիճակից դուրս գալու՝ մի ձեւ, որը կպահանջի ավելի բաց ու թափանցիկ հարաբերություններ՝ հայերի ու թուրքերի համայնքների միջեւ:

Եվ, վերջապես, որպես թուրքական ծագումով Ամերիկայի քաղաքացի, ես այժմ ցեղասպանություն բառն եմ օգտագործում, երբ խոսում եմ 1915-ի ջարդերի մասին, թե չէ՝ այլապես երկակի նահանջ կլինի դեպի տգիտություն՝ ե՛ւ մտային առումով, ե՛ւ անձնական: Շատ եմ մտածում այդ երկու քաղաքական սպանությունների մասին՝ Գյունդյուզինը եւ Դինքինը. իմ վերակրթության ճանապարհի ոնց որ ծայրի կետերը լինեն: Եվ գիտեմ, որ պարզապես չեմ կարող շարունակաբար ժխտել Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բարբարոսության ու տանջանքի իսկական խորությունը եւ այն թշնամանքն ու ատելությունը, որ 1915-ը սնեց գրեթե մեկ դար: Ավելի անձնական մակարդակի վրա, այդպիսի ժխտումը, իմ բոլոր նոր ընկերների ու ծանոթների հանդեպ արհամարհանք կլիներ… ոչ թե միայն նրա համար, որ նրանք պատահաբար հայեր են, այլ որովհետեւ, նախ եւ առաջ, ինձ համար՝ մարդ արարածներ են:

ԳՈՆՋԱ ՍԷՕՆՄԷԶ-ՓՈՒԼ

ապրիլ, 2012, Բոստոն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031