Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանի ցանկությունը

Մայիս 26,2012 13:23

Մեր Թատերական հրապարակում ցույցերի փոխարեն օպերային ներկայացումներ լինեն

Առաջին անգամ Բելառուսի Մեծ թատրոնում մայիսի 20-25-ը անցկացվեց ԱՊՀ երկրների «Նոր հազարամյակի ոսկե ձայներ» օպերային արվեստի երիտասարդական ֆորումը: Հայաստանից հրավիրված էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը:

Ճանաչված օպերային թատրոնների ցանկալի հյուր հայազգի բարիտոնը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ֆորումին հրավիրված էին 16 օպերային կատարողներ՝ նաեւ Վրաստանից ու Բալթյան երկրներից: «Բելառուսի օպերային թատրոնը այս միջոցառմամբ հիմք է դնում նախադեպը չունեցող ստեղծագործական էքսպերիմենտի: Մինսկում հրավիրյալ երգիչներիս հետ դասեր անցկացրին վոկալի անվանի մասնագետներ եւ դիրիժորներ, այդ թվում՝ Բելառուսի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Անիսիմովը, Մոլդովայի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սամոիլեն, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Վիկտոր Պլոսկինան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ֆելիքս Կորոբովը եւ իտալացի հայտնի մաեստրո Ջանլուկա Մարչիանոն»,- հայտնեց Գ. Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ ֆորումի շրջանակներում ներկայացվեցին համաշխարհային օպերային գրականության 6 գործեր՝ Բիզեի «Կարմենը», Պուչինիի «Բոհեմը», Չայկովսկու «Իոլանտան», Վերդիի «Ռիգոլետոն» ու «Տրավիատան», Բորոդինի «Իշխան Իգորը»: Մեր զրուցակիցը նշելով, որ ֆորումը բացվել է Բիզեի «Կարմենով», ասաց. «Ես հանդես եկա Էսկամիլիոյի դերերգով, խաղընկերներ ունենալով բելառուսցի ճանաչված օպերային երգիչներ Օգսանա Վոլկովային (Կարմեն), Էդուարդ Մարտինյուկին (Խոզե), ովքեր այսօր բեմ են բարձրանում Մոսկվայի Մեծ թատրոնում: Ներկայացումը վարում էր ավելի քան 60 օպերային եւ բալետային բեմադրությունների դիրիժոր-բեմադրիչ Ալեքսանդր Սամոիլեն: Վերջինս 1980-ականների վերջերից յուրաքանչյուր թատերաշրջանի բացմանը հրավիրվում է Լոնդոն՝ ժամանակին տեղի Royal Albert Hall-ում Վերդիի «Աիդա» օպերայի՝ իր հաջող ղեկավարելուց հետո»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ դիրիժորը հետաքրքրվել է հայ երգչով. «Ասացի, որ սովորել եմ Երեւանի կոնսերվատորիայում, անվանի մանկավարժ Սերգեյ Դանիելյանի ղեկավարությամբ, ում դասարանում ժամանակին ուսանել է հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանը: Հպարտացա, երբ Սամոիլեն ասաց, թե մինչ օրս հիշում է իր ղեկավարությամբ Պուչինիի «Տոսկայում» Գեղամ Գրիգորյանի՝ Կավարադոսի դերերգի փայլուն կատարումը: Նշեմ, որ դիրիժոր Սամոիլեն աշխատել է մեծանուն շատ երգիչների հետ՝ Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Ճապոնիայի եւ այլ երկրների հայտնի թատրոններում»:

Հետաքրքրությանը, թե ինչու են բելառուսցի օպերային աստղերը ընտրել Մեծ թատրոնի բեմը, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ «Այնտեղ նրանց աշխատավարձը կազմում է շուրջ 3000 ԱՄՆ դոլար, իսկ յուրաքանչյուր դերերգի հոնորարը, կախված ծավալից՝ 1000-2500 դոլար է: Հույս ունեմ, որ մեր նորընտիր Ազգային ժողովը ի վերջո կամրագրի, որ դերասանները նույնպես իրավունք ունեն արժանավայել ապրելու եւ ժամանակն է, որ դասական արվեստը մեծ ուշադրության արժանանա, որպեսզի բեմի մարդը ստիպված չլինի, օրինակ, նկարահանվել էժանագին ֆիլմերում»:

Անդրադառնալով ֆորումին ու փաստելով, որ դրա գերագույն նպատակը հանդիսատեսին օպերային արվեստի հետ կապելն էր, Գեւորգ Հակոբյանը ցանկություն հայտնեց, որ մեզ մոտ էլ ցույցերի փոխարեն Թատերական հրապարակում կազմակերպվեն օպերային ներկայացումներ՝ դասական արվեստը պրոպագանդելու նպատակով, մանավանդ որ՝ թատրոնի բեմը հիմնանորոգման պատճառով երկար ժամանակով չի գործելու:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031