Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց պաշտպանին տեղյակ պահելու՝ քրեական գործի նյութերը ուղարկել են դատարան

Մայիս 26,2012 13:21

Շուրջ մեկ տարի կալանքի մեջ գտնվող վանաձորցի Աշոտ Էվոյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Մ. Հարությունյանի գործողությունների նկատմամբ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանին, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ՔԳՎ պետ Գ. Համբարձումյանին, Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թ. Շուշանյանին՝ դրանք համարելով անօրինական:

Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը օժանդակելու մեջ մեղադրվող վանաձորցու պաշտպանը պնդում է, որ քննիչը, առանց պաշտպանական կողմին տեղյակ պահելու՝ գաղտնի, քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի դատախազություն, որտեղ էլ այն հաստատվել է եւ ուղարկվել դատարան:

Նա բացատրում է, որ քննիչը քրեական գործի նյութերը իրեն չներկայացնելով՝ խախտել է Քրդատավարության օրենսգրքի պահանջները, ոտնահարել օրենքով երաշխավորված մեղադրյալի պաշտպանության իրավունքն ու դրա ապահովման սկզբունքը:

«Օրենքով որեւէ մեկը իրավունք չունի փաստաբանին զրկել գործի նյութերին ծանոթանալու իրավունքից: Այդ հակաօրինական քայլով ես եւ պաշտպանյալս, ըստ էության, այդպես էլ չծանոթացանք մեղադրանքի հիմքում ընկած փաստերին ու ապացույցներին, զրկվեցինք միջնորդություններ ներկայացնելուց, դրանք բողոքարկելու իրավունքից, այդ թվում՝ նաեւ չծանոթանալով գործի նյութերին՝ մենք չենք կարող այս պահին միջնորդություններ ներկայացնել նաեւ գործը դատական քննության նշանակելու նախապատրաստական փուլում»,- քննիչի գործողությունների անօրինականության հետեւանքների մասին է պատմում պաշտպանը՝ նշելով, որ այդ քայլը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Նա ասում է, որ եթե խախտումներ պարունակող գործի շրջանակներում դատարանը դատաքննություն սկսի, ապա վերջինս հանդես կգա մեղադրանքի կողմում՝ զարկ տալով խախտումների հետագա զարգացմանը:

«Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու հանգամանքները, ինչպես նաեւ՝ եթե մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների: Իսկ գործի նյութերին չծանոթացնելն արդեն իսկ կոպիտ խախտում է»,- ասում է նա:

Պաշտպանը կասկած է հայտնում, որ քննիչը նման քայլի դիմել է՝ հաշվի առնելով կալանքի ժամկետի լրանալու հանգամանքը:

«Քանի որ իրենք անգործություն են ցուցաբերել, եւ կալանքի մեկ տարի ժամկետը արդեն լրանում է, ու չէին կարող երկարացնել, ամեն ինչ արեցին, այդ թվում նաեւ օրենքի խախտում թույլ տալով՝ գործը ուղարկեցին դատարան»,- նշում է նա:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031