Չաշխատող պոմպակայանն ու Մաքուր երկաթի գործարանը վերջնականապես կոչնչացնեն Նուբարաշենի անտառը
Նուբարաշենի անտառին, որը համարվում է մայրաքաղաքի հարավի «թոքը», սպասվում է անորոշ ապագա։ Չնայած օրերս 12 հեկտար տարածության վրա իրականացվել են բնաշիվային վերաճին օժանդակող աշխատանքներ եւ նաեւ կտրտվել են անցյալ տարվանից հրդեհված ծառերի ու թփերի չոր ճյուղերը, սակայն տնկարքներին եւ չոր ճյուղերից ազատված ծառերին ու թփերին լավ օրեր չեն սպասվում: Անցյալ տարի տնկված 27 հազար շիվերի մի մասը չորացել է, մյուսներն էլ թոշնել են ու կպել հողին։
Անտառապահ Էմիլ Վարդանյանը մտահոգություն հայտնեց, որ պոմպակայանը սարքին վիճակում չէ։ Լայն ճեղքեր ունենալու պատճառով 800 միլիմետր տրամաչափի ջրատարով ջրի 30 տոկոսն է հասնում անտառի բարձրադիր հատվածներ: Նուբարաշենի անտառապետ Հայրապետ Մանուկյանը եւ պոմպակայանի մեխանիկ Դավիթ Դավթյանը մեզ հետ զրույցում հայտնեցին, որ պոմպն ու շարժիչը 2 տարին մեկ պետք է ենթարկվեն հիմնական նորոգման։ Այնինչ յոթերորդ տարին է, ինչ գործում են առանց հիմնանորոգման: Պոմպակայանի տանիքը նույնպես խարխլված է. մեր այցելության պահին առաստաղից կախվել էր պանելային ծածկը։ Թե երբ կսկսվի գործել պոմպակայանը, որպեսզի այդ եղած անտառն էլ չկորցնենք, Դ. Դավթյանն ասաց. «Յոլա տանելու համար հիմա էլ կարելի է գործարկել»: Հարցին, թե ջրի սպասարկման համար պետությունը որքա՞ն է ֆինանսավորում, պարոն Դավթյանն ասաց՝ ինքն այդ հարցերին չի կարող պատասխանել:
Ոռոգումն այստեղ սկսվում է ապրիլի 1-ից, սակայն այժմ ավարտին է մոտենում մայիսը, եւ անտառը բնական ճանապարհով ոռոգման՝ անձրեւների հույսին է միայն:
Նկատենք, որ տարիներ առաջ Երեւան-Նուբարաշեն մայրուղուց մինչեւ Խարբերդ ձգվող սարալանջը ծածկված էր մրգատու ծառ ու թփերով:
Այժմ Մաքուր երկաթի գործարանի ծխնելույզներից արտանետվող թունավոր ծխի ու գազերի պատճառով նույնպես նոսրացած անտառում օր օրի թառամում-չորանում են մնացած բույսերը:
ԱՐԱՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ