Կարծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը
Գյումրիում իշխող կուսակցության պարտությունը դեռ չի դադարում քննարկման թեմա լինելուց. մտավորականներից շատերը կանխատեսում են, որ եթե Շիրակի մարզի ՀՀԿ պատասխանատուն՝ Գյումրու քաղաքապետը, շարունակի իր ռազբորկախառն ու անհանդուրժող վերաբերմունքը մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորների նկատմամբ, ապա նախագահական ընտրությունների ժամանակ կձախողի նաեւ սեփական կուսակցության առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի՝ այս մարզից ձայներ տանելը: «Առավոտ»-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեց, թե իր կարծիքով՝ ի՞նչ պիտի անի Սերժ Սարգսյանը շիրակցիների համակրանքը շահելու համար՝ տեղի ՀՀԿ պատասխանատուների՞ն պետք է փոխի, թե՞ սոցիալ-տնտեսական խելամիտ ծրագրեր իրականացնի, որ մարզը դարձյալ չհայտնվի ընչազրկության ճիրաններում: «Սերժ Սարգսյանը եւ տնտեսական ծրագրեր պիտի իրականացնի, եւ պարտադիր բարոյահոգեբանական մթնոլորտը փոխի, որովհետեւ այն, ինչ որ կա Գյումրիում, դա նորմալ չէ: Նորմալ չէ, եթե ճանաչված մարդիկ մեկը մյուսին վիրավորում են ամենավերջին բառերով, եւ հետագայում մտածում են, թե հենց էդպես էլ պիտի լինի: Ոչ, կա քաղաքական կոռեկտություն, երբ որ մարդիկ պետք է չափը չանցնեն ու անձնական վիրավորանքներին վերջ տան, դրանից հետո նոր կարողանան համագործակցել: Քաղաքականությունը շատ բարդ, լայն մի ոլորտ է, որտեղ չպետք է մի քաղաքական գործիչ մյուսի առումով այրի բոլոր կամուրջները: Հանրապետական կուսակցության մարզային ստրուկտուրան ու կոնկրետ նրա ղեկավարը շատ սխալ աշխատաոճ ընտրեցին՝ շատ ագրեսիվ եւ ոչ կոռեկտ: Ինձ թվում է՝ Հանրապետական կուսակցության ձայների կորուստը Շիրակի մարզում հենց դրանով էր պայմանավորված, ժողովուրդը հիասթափվեց: Եթե ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը դուրս է գալիս նաեւ իր համակուսակցի դեմ, դա էլ նորմալ չի դիտվում թե քաղաքի եւ թե մարզի բնակչության կողմից»,- ասաց Գագիկ Համբարյանը: Նշենք, որ նա համակուսակից ասելով նկատի ունի ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին: Ըստ մեր զրուցակցի՝ Շիրակի մարզի երեք քաղաքապետերը հանրապետական են, մարզպետը եւս աշխատում էր ՀՀԿ-ի համար, իշխող կուսակցության համար խառնված էին նաեւ ոստիկանական ու ազգային անվտանգության համակարգերը, սակայն տարօրինակ է, որ ԲՀԿ-ն Շիրակում Կոտայքի մարզից հետո մեծ ձայներ ստացավ՝ շատ քիչ քանակությամբ զիջելով ՀՀԿ-ին:
«Իհարկե, Շիրակի մարզում ԲՀԿ-ի դիրքերը վատ չէին, բայց որ կոնկրետ Գյումրի քաղաքում Հանրապետական կուսակցությունը երկու անգամ ավելի քիչ ձայն ստանար, քան ԲՀԿ-ն, դա աբսուրդ էր, եւ այստեղ նույն ՀՀԿ-ականները իրենք իրենց մեջ պիտի փնտրեն սխալները եւ դրանք ուղղեն մինչեւ նախագահական ընտրությունները, որովհետեւ եթե նույն ոճով շարունակվի, ապա ՀՀԿ-ն ավելի մեծ կորուստներ կունենա Շիրակի մարզում»,- նկատեց մեր զրուցակիցը: Գագիկ Համբարյանի ներկայացմամբ՝ Գյումրիում չկա համագործակցություն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, մինչդեռ վերջիններս երկար ժամանակ լինելով կոալիցիայի մեջ՝ պարտավոր էին նաեւ առանձին քաղաքներում ու մարզերում համագործակցել: «Չկա համագործակցության եզրեր այն առումով, որ նրանց ներկայացուցիչները մեկը մյուսի հետ շատ վատ հարաբերությունների մեջ են (խոսքը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանի մասին է- Ն. Ա.): Մենք ապրում ենք մի քաղաքում, ուր բոլորը պարտավոր են համագործակցել մեկը մյուսի հետ, ոչ թե ընդունեն վիրավորվածի կերպարանք, հիշեն հին պատմությունները եւ այլն, եւ այլն: Էդպիսի բան, որ միջանձնային հարաբերությունները մտցնեն քաղաքականության մեջ, չկա»,- վստահեցրեց Գագիկ Համբարյանը: Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անհաշտությունը Գյումրիում հանգեցրել է նրան, որ ժողովուրդը արդեն չի էլ գնահատում իրականացվող սոցիալական ծրագրերը: «ՀՀԿ-ն հո քիչ գործ չի՞ արել Շիրակի մարզում ու Գյումրիում, թեկուզեւ վերցնենք միայն բնակարանաշինությունը, որը Լինսի հիմնադրամից հետո կազմակերպեց երկրի նախագահը, կառուցեց Մուշ թաղամասը, բայց կոնկրետ Գյումրիում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, կոպտությունը բերեց նրան, որ դրա դիմաց ժողովուրդը դեմ քվեարկեց այդ կուսակցությանը: Ես չեմ ասում, թե ԲՀԿ-ն Շիրակի մարզում շատ հզոր է, շատ դեպքերում ժողովուրդը դեմ ելավ ՀՀԿ-ին՝ նրա ղեկավարների համար: Թեեւ ուզում եմ այս առումով առանձնացնել Գյումրին: Շիրակի մարզում ՀՀԿ-ն էնքան էլ վատ ցուցանիշներ ցույց չտվեց, ցույց տվեց այն, ինչ պիտի ցույց տար: ՀՀԿ վերնախավը պիտի ուշադրություն դարձնի Գյումրիին, այն քաղաքական գործիչները, որոնք մեղավոր են ՀՀԿ-ի ձախողման համար, պիտի պատասխան տան ու իրենց պարտությունը չգցեն ժողովրդի վրա, չասեն, թե ժողովրդին խաբեցին, դրա համար նրանք գնացին՝ իրենց ձայնը ԲՀԿ-ին տվեցին: Եթե որեւէ քաղաքական գործիչ մտածում է, որ Գյումրու բնակչության 75 տոկոսը խաբված է, ուրեմն ինքն է խաբված, որ մտածել էր՝ պարտադիր պիտի հաղթեր ու չհաղթեց: Սխալները թող իր մեջ, իր ղեկավարման ձեւի մեջ փնտրի»,- խորհուրդ տվեց Գագիկ Համբարյանը: Քաղաքագետի կարծիքով՝ Գյումրիից մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանն էլ, լինելով այդքան կրթված ու դաստիարակված, պարտվեց այն պատճառով, որ իր քարոզարշավը ինքը չանցկացրեց: «Եթե մենակ վարեր իր քարոզարշավը, ավելի մեծ հաջողության կհասներ, քան իր քարտ-բլանշը տրամադրեց ուրիշներին, չպիտի թույլ տար, որ իր տեղը վարեն այլ մարդիկ, որոնք ունեն առանձին անձնական շահեր այդ գործընթացում. դրա հետեւանքը եղավ սա»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ