Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սխալ եմ համարում այդ քայլը»

Մայիս 26,2012 13:02

 Պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը՝ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից հրաժարվելու եւ ՀԱԿ-ի՝ մանդատները վերցնելու որոշումների մասին:- Ձեզ համար սպասելի՞ էին Հայ ազգային կոնգրեսի ներկայիս վիճակն ու խմորումները:

– Այլ կերպ չէր կարող լինել: Իրեն Ազգային կոնգրես անվանակոչող քաղաքական կառույցը հինգ տարիների ընթացքում ոչ մի ազգային ծրագիր կամ գոնե ազգային նպատակ չհայտարարեց: Ավելին՝ 2009-ի ապրիլից բացահայտեց իր ապազգային էությունը՝ ողջունելով հայ-թուրքական ճանապարհային քարտեզը, իսկ այնուհետեւ չարաբաստիկ արձանագրությունները՝ ընդօրինակելով եւ ներդնելով իշխանության կեցվածքը ընդդիմադիր դաշտում: Սա մի ծանր հարված էր հայ հասարակությանը եւ համայն հայությանը: Եթե իշխանության կեցվածքը այստեղ կարելի է պայմանավորել արտաքին հզոր կենտրոնների հետ համագործակցելու պարտադրվածությամբ, ապա ՀԱԿ-ի կեցվածքը որեւէ արդարացում չի կարող ունենալ: Այլ կերպ չէր կարող լինել նաեւ մեկ այլ պատճառով: Չորս տարի մեր հասարակության մի մասը կարգապահորեն գալիս էր Ազատության հրապարակ՝ հույսով, որ ՀԱԿ-ը կկատարի 50-ից ավելի անգամ տված իր խոստումը եւ կհասնի արտահերթ ընտրությունների, ինչի միջոցով լուծումներ կստանան ծանրագույն սոցիալական խնդիրները: Սակայն եղավ այն, ինչ պետք է լիներ, եւ ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը վերջին երեք տարիներին լավ գիտեր, որ այսպես էլ լինելու է:

– Ինչո՞ւ եք այդպես կարծում:

– Քաղաքական ընդդիմության ուժը չափվում է ընդդիմադիր մասսայի քանակով, վճռականությամբ եւ ղեկավարության սկզբունքայնությամբ, իսկ ՀԱԿ-ի ղեկավարները փորձառու գործիչներ են եւ շատ լավ տեսնում էին, որ արտահերթի եւ իշխանափոխության հասնելու ռեսուրսները իրենք չունեն: Ուրեմն չպետք է շարունակեին տալ խոստումներ, որոնց չկատարումը միայն հիասթափեցնում եւ մաշում էր ընդդիմադիր զանգվածը:

– Այն ժամանակ, երբ ՍԴՀԿ-ի մի թեւը լքեց ՀԱԿ-ը՝ սկզբունքային հարցերի շուրջ անհամաձայնություն հայտնելով, Ձեզ մեղադրեցին իշխանությունների հետ համագործակցության մեջ: Հիմա՝ ՀԱԿ-ի այս իրավիճակում, ի՞նչ կհակադարձեք:

– Հակադարձման ոչ խնդիր ունեմ, ոչ էլ ցանկություն: Ես իմ սկզբունքներից երբեք չեմ շեղվել: Իրենք թող մտածեն, թե հազարավոր ազնիվ մարդկանց բազում զրկանքների միջով անցկացնելուց հետո որտեղից ո՞ւր են հասել: Իսկ ՀԱԿ-ից մենք դուրս եկանք, որովհետեւ համազգային հարցերում առաջացավ տեսակետների անհաղթահարելի տարաձայնություն:

– Ճի՞շտ եք համարում, որ ՀԱԿ-ականները որոշեցին օրենսդիր իշխանության մաս կազմել ընդամենը մի քանի հոգով, երբ Երեւանի ավագանիում ավելի ծանրակշիռ ներկայության պարագայում հրաժարվեցին աշխատել: Ի՞նչ խնդիր են լուծում առաջին նախագահը եւ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին անդամներն այդ որոշմամբ:

– Իհարկե, ճիշտ չեմ համարում: Բայց միգուցե ՀԱԿ-ը որոշել է, որ ուրիշ անելիք չունի՞:

– Ընտրական գործընթացներին չմասնակցած քաղաքական ուժի տեսանկյունից՝ ինչպե՞ս կգնահատեք այս ընտրությունները:

– Սովորական, բայց ավելի կազմակերպված:

– ԲՀԿ-ի հրաժարումը կոալիցիայից ճի՞շտ եք համարում եւ ո՞րն է պատճառը:

– ԲՀԿ-ն ստեղծվել է իշխանության ներսում եւ իշխանական լծակների օգտագործմամբ է կայացել: Առանց դրանց կարող է արագ քայքայվել: Ոչ միայն ԲՀԿ-ն, այլեւ ցանկացած քաղաքական ուժ չի կարող կատարել ժողովրդին տված իր խոստումները եւ խոսքը գործի վերածել, եթե չունի իշխանություն: Ես սխալ եմ համարում այդ քայլը:

– Միգուցե հույսը հաջորդ տարի Քոչարյանի հետ իշխանության գա՞լն է:

– Քոչարյանի վերադարձի կանխումը ես համարում եմ համազգային խնդիր՝ ինչպես Ցեղասպանության եւ Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու խնդիրները:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031