Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմազանության շքերթը հիշեցրեց Սումգայիթի դեպքերը»

Մայիս 26,2012 12:56

Հրապարակախոս, ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ այսօր ամեն ինչ գնում է երկու հանրույթների բախման՝ մի խնդրի շուրջ, որն իրականում գոյություն էլ չունի: Իսկ «Երկիր Մեդիա» հ/ը քաղաքական եւ լրատվական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանի կարծիքով էլ՝ այս ամենի պատճառն այն է, որ հանրությունը եզրահանգումներ է անում՝ ելնելով ապատեղեկատվությունից: Ստորեւ ներկայացնում ենք DIY փաբի պայթեցմանը հետեւած զարգացումների շուրջ երկու մտավորականների ԴԵՄ ԱՌ ԴԵՄ բանավեճի որոշ հատվածներ:

Գեղամ Մանուկյան- Մենք հիմա սկսել ենք վերլուծել իրավիճակը աղճատված եւ կեղծ տեղեկատվության վրա: Ի՞նչ կատարվեց իրականում՝ եղավ հրկիզում, որը իրենք կոչում են պայթեցնել կամ գմփացնել, եւ հիմա բոլորի շուրթերին է «պայթեցնել» տերմինը, բայց նկատենք՝ հրկիզումն ու պայթեցումը լրիվ տարբեր բաներ են, երկուսն էլ անօրինական գործողություններ են, սակայն այնուամենայնիվ՝ տարբեր: Այդ հրկիզմանը հաջորդեց մամուլի ասուլիս, որտեղ այդ փաբի տերը՝ Ծոմակը, հայտարարություններ արեց, եւ ամբողջ հայ լրատվական ընտանիքը՝ առանց ճշտելու, հրապարակեց այդ ասուլիսում հնչեցված մտքերը: Եվ բոլոր վերլուծությունները սկսեցին հիմնվել այդ սխալ տեղեկատվության վրա, որը ագրեսիվ փոքրամասնությունն ի սկզբանե տվեց: Սկսեմ «Երկիր Մեդիայից»: Ծոմակը հայտարարեց, որ «Երկիր մեդիան» սխալ նյութ է պատրաստել, որ իրեն խաբել են, նկարահանել, եւ որ այդ տեսանյութն է դարձել դրդիչն այս ամենի: Նշեմ, «Երկիր մեդիան» այդ լուրը տվել է 2011թ. հուլիսի 24-ին:

«Առավոտ»- Բայց Ծոմակը նշում է, որ անմիջապես հենց դրանից հետո են այդ տղաները սկսել անհանգստացնել իրենց:

Գ. Մանուկյան- Միացրեք՝ նայեք այդ նյութը, տեսեք՝ կա՞ ագրեսիա, թե՞ ոչ: Մենք ընդամենը տվել ենք փաստը, ուրիշ որեւէ բան չկա: Բացի այդ, Ծոմակը հայտարարել է, որ Արծվիկ Մինասյանի վճարած մեկ միլիոն դրամ գրավով են այդ տղաները ազատ արձակվել: Սուտ է: Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանն ընդամենը միջնորդություն են ներկայացրել: Փաստաբան Մելանյա Առուստամյանը նաեւ դիմել է Զարուհի Փոստանջյանին, որը սկզբում համաձայնվել է հանդես գալ միջնորդությամբ, հետո, սակայն, մերժել է՝ ուրիշ պատճառաբանությամբ: Ընդ որում, Արծվիկ Մինասյանի եւ Հրայր Կարապետյանի միջնորդությունը փակ դատական նիստում մերժվել է, որից հետո նոր փաստաբանը միջնորդել է, որ ընտանիքը պատրաստ է գրավ դնել մեկ միլիոն դրամ, դրանից հետո նոր գրավը դրել են եւ ազատ արձակել:

«Առավոտ»- Այսինքն՝ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը չե՞ն վճարել այդ գրավի գումարը:

Գ. Մանուկյան- Ոչ, ցավում եմ մեր հայ լրագրության համար: Որովհետեւ մեր մամուլը հենվել է միայն Ծոմակի ասածների վրա:

«Առավոտ»- Պարոն Մանուկյան, ի՞նչն էր խանգարում, որպեսզի Դուք «Երկիր մեդիայով» հայտարարեիք, որ դա ապատեղեկատվություն է եւ այդպիսով պարզաբանեիք այդ թյուրընկալումը:

Գ. Մանուկյան- Ուղղակի հիմա մի հատ հետաքննական նյութի վրա ենք աշխատում, դրա համար…

Զարուհի Հովհաննիսյան- Մինչեւ ձնագնդին գլորվի, մինչեւ երկու հանրույթները իրար դեմ դուրս գան, բախվե՞ն:

Գ. Մանուկյան- Ոչ, ոչ, ուղղակի փակ նիստ է եղել… մյուս փաստը, որի մասին Ծոմակը չի ասում: Այդ տղաների ծնողները վճարել են իբրեւ փոխհատուցում 4 միլիոն դրամ՝ դեպոզիտ. եթե դատարանը կընդունի, որ այդ տղաները մեղավոր են, այդ գումարը կմնա որպես փոխհատուցում, եթե ոչ՝ կվերադարձվի: Բայց Ծոմակը չի ուզում ընդունել այդ գումարը, իսկ գիտեք՝ ինչո՞ւ: Որովհետեւ պրոցեսն է կարեւոր՝ ամեն օր խոսելը, այստեղ-այնտեղ, անգամ Թուրքիա նամակներ գրելն ու աջակցություն խնդրելը:

Զ. Հովհաննիսյան- Ես ուզում եմ խոսել ոչ թե անձերի, այլ իրավիճակի մասին, որը ձնագնդի նման գլորվում է օրեցօր: Եվ այն պատկերը, որը մենք տեսանք «Բազմազանության շքերթի» ընթացքում, որեւէ բանով չէր տարբերվում Սումգայիթում կամ Բաքվում 25 տարի առաջ տեղի ունեցած պատկերից…

Գ. Մանուկյան- Մեղք եք անում, Զարուհի, էդ քայլող տղաների հետ կապված Սումգայիթը հիշեցնելով:

Զ. Հովհաննիսյան- Ես նորից նույն ագրեսիան եմ հիշեցնում, երբ դու դիտարկում ես մարդուն, որ նրա տեսակը իրավունք չունի ապրելու: Ի վերջո, մենք այստեղ գնում ենք հանրույթների բախման, այսպես ասած՝ առաջադիմական եւ պահպանողական, մի խնդրի շուրջ, որը կարելի է ասել՝ գոյություն էլ չունի:

Գ. Մանուկյան- Զգույշ եղեք Ձեր ձեւակերպումներում, ո՞ւմ եք Դուք կոչում առաջադիմական:

Զ. Հովհաննիսյան- Բոլոր այն ակտիվիստներին, ովքեր պայքարում են հանուն կյանքի իրավունքի:

Գ. Մանուկյան- Առաջադիմականը այն քայլող մի քանի տղաներն ու աղջիկնե՞րն էին, որոնք գիտակցաբար պրովոկացիա արեցին:

Զ. Հովհաննիսյան- Ո՞վ է առաջինը հրկիզել փաբը:

Գ. Մանուկյան- Չգիտեմ՝ ով է հրկիզել, իրավապահներ կան, թող պարզեն: Ես հարցնում եմ՝ ես ֆաշի՞ստ եմ, թե՞ չէ:

Զ. Հովհաննիսյան- Ոչ:

Գ. Մանուկյան- Եթե ես դեմ եմ, որ սեռական փոքրամասնությունը ագրեսիվ դառնա…

Զ. Հովհաննիսյան- Ուրեմն մի ճնշիր, հանգիստ թող:

Գ. Մանուկյան- Բայց էդ սեռական փոքրամասնությունը թող ինձ, իմ զույգ զավակներին, հասարակությանը չպարտադրի իր այդ կողմնորոշումը, ուրեմն ես ֆաշի՞ստ եմ:

Զ. Հովհաննիսյան- Դուք Ձեր կողմնորոշումը չե՞ք պարտադրում, Դուք եթեր չե՞ք տալիս, չե՞ք բարձրաձայնում: Ինչի՞ մասին է խոսքը: Ես բազմազանության կողմնակից եմ, ես ասում եմ, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց տեսակից, իրավունք ունեն ապրելու այս երկրում: Ես հիշեցնում եմ ՀՀ Սահմանադրության՝ որեւէ խտրականություն արգելող 14.1 հոդվածը:

«Առավոտ»- Պարոն Մանուկյան, «Երկիր մեդիայի» լրագրողի հետ հարցազրույցում այդ երիտասարդներից 2 հոգի հայտարարում են, որ իրենք ֆաշիստ են: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:

Գ. Մանուկյան- Վատ, շատ վատ:

Զ. Հովհաննիսյան- Դե, խոսեք այդ մասին, դրա դեմ պայքարեք:

Գ. Մանուկյան- Բայց ես նույն ձեւով վատ եմ վերաբերվում նաեւ այն փաստին, որ այդ ագրեսիվ փոքրամասնության ներկայացուցիչ Ծոմակը հրում է իմ լրագրողին ու չի թողնում նկարել: Եթե այդ տղաներն ասել են, որ ֆաշիստ են, ինչը հիմարություն են արել, ես նույն կերպ ֆաշիզմ եմ համարում, երբ իմ լրագրողի աշխատանքը խանգարում են:

«Առավոտ»- Արդյոք վտանգավոր չէ՞ ֆաշիզմ բառի հետ այդքան հեշտորեն խաղալը:

Գ. Մանուկյան- Բայց որտեղի՞ց եկավ այդ ձեւակերպումը՝ ագրեսիվ փոքրամասնությունից:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

DIY փաբի պայթեցմանը հետեւած զարգացումների շուրջ երկու մտավորականների ԴԵՄ ԱՌ ԴԵՄ բանավեճն ամբողջությամբ`

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031