Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերից սկսվելու է

Մայիս 26,2012 12:34

Մոտակա 3 ամիսներին ներքաղաքական զարգացումների առումով, ըստ երեւույթին, որեւէ էական բան այլեւս տեղի չի ունենա: Բայց սեպտեմբերից, իհարկե, փաստացի կսկսվի նախագահական ընտրարշավը, եւ, համապատասխանաբար, այս կամ այն «գործիքավորմամբ»՝ արմատական թե կառուցողական, հնչելու է քննադատության այն «երկացանկը», որն արդեն հնչել է խորհրդարանական ընտրություններից առաջ՝ հանրահայտ աղետալի կանխատեսումներով՝ եթե այսպես շարունակվի, Հայաստանը կործանվելու է, վերանալու է, ջնջվելու է աշխարհի քարտեզից եւ այլն: Վստահ չեմ, որ այդ տեսակի քարոզչությունը նպաստում է ընդդիմադիր ընտրազանգվածի կոնսոլիդացմանը, քաղաքացիների «հեղափոխականացմանը»: Նրանք, ովքեր հավատում են այդ մոտալուտ ապոկալիպսիսին, ոչ միշտ են որոշում դուրս գալ փողոց եւ ընդդիմադիր կարգախոսներ վանկարկել: Մեծ մասի տրամաբանությունը ճիշտ հակառակն է՝ եթե իսկապես կործանվում ենք, ուրեմն ավելի լավ է՝ այստեղից փախչեմ: Ի դեպ, ճիշտ նույն տրամաբանությամբ, երբ չափից դուրս հաճախ ես ասում, որ Հայաստանում ստեղծվել է վախի մթնոլորտ, որ բոլորը ահաբեկված են ու սարսափած, մարդիկ սկսում են մտածել՝ գուցե իսկապե՞ս այդքան շատ վախենալու բաներ կան:

Ինձ թվում է՝ ընդդիմադիր քարոզչությունը, բնականաբար, ուղղված լինելով իշխանության եւ նրա քաղաքականության դեմ՝ չպիտի օգտվի մեր ժողովրդի մի մասի մենթալիտետի առանձնահատկություններից, որի բաղադրիչն է՝ «ստե վատ ա, էթամ ուրիշ տեղ» ծրագիրը: Ոչ ոք ինձ չի համոզի, որ համեմատաբար բարեկեցիկ խորհրդային շրջանում այստեղ ապրող հազարավոր մարդիկ չէին երազում Ամերիկայի մասին՝ լեփ-լեցուն սուպերմարկետներով եւ ավտոտնակում մի քանի ավտոմեքենաներով. պարզապես այն ժամանակ սահմաններն էին փակ, եւ երկրից փախչելը շատ բարդ էր: Նրանք, ովքեր ասում են՝ ճամպրուկներ հավաքելու տրամադրությունները ծնվել են միայն անկախ Հայաստանում, մինչեւ վերջ անկեղծ չեն:

Հիմա էլ ամեն քայլափոխի թե մտավորականներից, թե պարզ մարդկանցից լսում եմ՝ թե այսպես լինի կամ այնպես լինի, կգնամ այս երկրից: Այդ ո՞ւմ են շանտաժում, ո՞ւմ են սպառնում: Իշխանությունների՞ն: Բայց նրանց, ինչպես երեւում է, այդ սպառնալիքը բացարձակապես չի հուզում: Պարզապես մեզանում կա այդպիսի միտում. ոչ թե փորձել այստեղ, այս ծանր պայմաններում ինչ-որ բան ստեղծել, թեկուզ անկատար ու փոքր, ինչպես մեր երկիրն է, այլ գնալ ուրիշի «պատրաստի» երկիր եւ վայելել ուրիշների ստեղծած ավելի հարմար պայմանները: Եկեք մի անգամ անկեղծ խոստովանենք դա ինքներս մեզ, թե չէ՝ կյանքից, համակարգից եւ իշխանությունից բողոքելը միշտ էլ կա:

Բարեբախտաբար, այստեղ ապրում են նաեւ հայեր, քաղաքացիներ, որոնք Հայաստանից երբեք, ոչ մի պարագայում չեն գնա: Կունենան աշխատանք, թե չեն ունենա: Այդ աշխատանքը լավը կլինի, թե վատը: Սոված կլինեն, թե կուշտ: Իրենց երեխաներն այստեղ հեռանկար կունենան, թե չեն ունենա: Նրանք չեն գնա նույնիսկ այն դեպքում, եթե կրկին նախագահ դառնա Ռոբերտ Քոչարյանը: Անգամ՝ Գրիգոր Ամալյանը: Կամ նույնիսկ՝ Գարեգին Բ-ն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031