ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելուց հետո, քննարկումների հիմնական առանցքը դարձել է կարծես թե այն միտքը, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող դառնալ իրական ընդդիմություն, քանի որ այդ դեպքում կկորցնի ամենը, ինչ ունի: Այդ պնդումներն, անշուշտ, իրատեսական են, քանի որ իրական ընդդիմությունը Հայաստանում անպայմանորեն հայտնվում է վարչական և այլ լծակների ճնշման տակ և ստիպված է լինում գոյություն ունենալ այդ պայմաններում, ինչը բնականաբար ԲՀԿ դեպքում կարող է իսկապես կործանարար լինել:
Ի վերջո, այդ կուսակցությունը մինչ այժմ եղել է և մնում է դասական իշխանական բնույթի և դրան անդամակցողների հսկայական մասը կուսակցությունում են փողի և վարչական ռեսուրսի համար: Ներկայումս ԲՀԿ-ն կարող է զրկվել վարչական ռեսուրսից, որպեսզի ընդդիմադիր կարգավիճակը լինի առավել հավաստի, բայց փողից հազիվ թե զրկվի, այլապես ԲՀԿ-ն ինքը կվերածվի «անհավաստի» քաղաքական միավորի: Սակայն ներկայումս ստեղծված ներիշխանական իրավիճակը ամենևին պետք չէ չափել այդ հարթության մեջ: Իրական է ԲՀԿ-ն որպես ընդդիմություն, թե կեղծ` առնվազն առաջիկա ամիսներին շատ քիչ նշանակություն է ունենալու ընդհանրական իմաստով: Էականը տվյալ դեպքում քաղաքական նոր իրավիճակը, նոր ստատուս քվոն է, որն իր ազդեցությունը կարող է պահպանել բավական երկար ժամանակ, առնվազն մինչև նախագահի ընտրություն: Նախագահի ընտրությունը, բնականաբար, հանդիսանալու է այդ նոր ստատուս քվոյի սնուցման նոր աղբյուր, և առկա իրավիճակը կարող է պահպանվել ևս մի քանի ամիս: Իսկ դրանից հետո արդեն ամեն ինչ, բնականաբար, կախված է նրանից, թե այդ ընթացքում ուժերից ով ինչ մարտավարական քայլեր կարող է ձեռնարկել սեփական դիրքերն ամրացնելու, սեփական կառույցները և շարքերը բյուրեղացնելու հարցում:
Եթե ԲՀԿ-ին հաջողվի ներկայիս իշխանության և փողի կուսակցությունից վերածվել քաղաքական միավորի, ձևավորել իսկապես կայուն սոցիալական հենարան, ապա կուսակցությունը կարող է, բնականաբար, շատ ավելի խորքային պահանջներ ներկայացնել ՀՀԿ-ին: Այլ կերպ ասած` ներքաղաքական մրցակցության ծանրության կենտրոնը պարզապես կարող է տեղափոխվել ՀՀԿ-ԲՀԿ տիրույթ արդեն ոչ միայն որպես զուտ նախընտրական տեխնոլոգիա, այլ որպես երկարաժամկետ քաղաքական ծրագրավորում: Ժամանակի ընթացքում կողմերը կորոնեն և թերևս կկարողանան գտնել նաև այդ ամենի գաղափարա-հայեցակարգային փաթեթը` այդպիսով էլ ավելի բյուրեղացնելով նոր տեխնոլոգիան: Գլխավորն այստեղ այն է, որ Հայաստանի հասարակական ներկայիս կառուցվածքը և տրամաբանությունը, իր բովանդակությամբ, արժեքային կողմնորոշիչներով, մտածողությամբ և կենսափիլիսոփայությամբ հիմնված լինելով առավելապես նյութականի և ֆիզիկականի վրա և դրանք դիտարկելով իբրև թե՜ նպատակ, թե՜ միևնույն ժամանակ նպատակը սպասարկելու գործիք, ինքնին դյուրացնում են իշխանական նոր տեխնոլոգիայի բարեհաջող կիրառումը առաջիկա տարիների համար: Այդ տեսանկյունից արդեն, պնդումները, թե ԲՀԿ-ն իրական ընդդիմություն չէ և չի կարող լինել, դադարում են հասարակական լուրջ սպառում ունենալուց և վերածվում են ընդամենը անիմաստ աղաղակի: Այդ պնդումներն իմաստավորելու համար անհրաժեշտ են լրջագույն վերանայումներ Հայաստանի հասարակական կառուցվածքի կոնցեպտում:
Իշխանությունը ներկայիս կոնցեպտը ձևակերպել և ձևավորել է միանգամայն գիտակցված, անհրաժեշտության դեպքում իրեն հենց այդօրինակ տեխնոլոգիական մանևրներ թույլ տալու հաշվարկից ելնելով: Հետևաբար, խնդիրը ներկայումս այն է, թե արդյոք կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք ի զորու կլինեն վերանայել առկա իրավիճակը և նպաստել հասարակական կառուցվածքի և տրամաբանության վերափոխմանը: Պնդումներով, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմադիր լինել, թե սա խաղ է, թե սա թատրոն է կամ կրկես, ամենևին հնարավոր չէ սպասարկել հասարակության վերափոխման խնդիրը, որովհետև հատկապես խորհրդարանի ընտրությունից և այդ ընտրության արդյունքը դե ֆակտո ճանաչելուց հետո նույն այդ պնդումների հեղինակ քաղաքական ուժերն իրենք էլ հանրության մոտ ընկալվում են որպես խաղի, թատրոնի կամ կրկեսի մասնակիցներ:
Կարդացեք նաև
Հետևաբար` անհրաժեշտ է այդ ուժերի բացարձակապես նոր մարտավարություն, կամ էլ անհրաժեշտ է բացարձակապես նոր ուժ, որը կարող է հասարակական մտածողության մեջ հեղափոխություն իրականացնել և փոխել քաղաքական գործընթացների և վարքի գնահատման սանդղակը, ձևավորել հանրային նոր պահանջ: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հանրությանը կամա, թե ակամա թելադրում են հենց այդ օրակարգը, տալիս դրան անցնելու յուրօրինակ խթան, մոտիվացնում այդ գործողությունները, որոնք հրամայական էին վաղուց, սակայն առարկայական մոտիվացիա են ստանում թերևս այժմ: Ընդ որում` ակնհայտ է, որ խնդիրն այլևս այստեղ ոչ թե ընտրություններով իշխանափոխության հասնելն է, այլ այսպես ասած` իշխող համակարգի և դրան ընդդիմադիր հանրային սեգմենտների միջև տեխնոլոգիական պայքարը: Քանի դեռ ընդդիմադիր հատվածում չի գտնվել այլընտրանքային մոդելը, հասարակական մտածողության փոփոխության հասնելու տեխնոլոգիան, ընտրական գործընթացը Հայաստանում չի կարող հանդիսանալ քաղաքական կամ քաղաքացիական պայքարի հանգրվանային կետ, քանի որ իշխանությունն իր տեխնոլոգիական նոր մոտեցման շնորհիվ ստեղծել է այդ հանգրվանը տնօրինելու բազմաֆունկցիոնալ մի մեքենա, ընդ որում իր երաշխիքային սպասարկմամբ հանդերձ: