Արդեն պարզ է` գործադիր իշխանությունը ո՛չ կադրային, ո՛չ էլ բովանդակային առումով էական փոփոխությունների չի ենթարկվի:
Հրաժարական տված ԲՀԿ-ական նախարարներին պարզ թվաբանական գործողությամբ կփոխարինեն հանրապետականներն ու մեկ-երկու դեպքում օեկականները, և վերջ:
Հունիսին այս կառավարությունը կներկայացնի գործունեության հերթական ծրագիրը, որը, գրեթե համոզված կարելի է ասել, իր հիմնական շեշտադրումներով, ուղղվածությամբ, լինելու է նախորդի տրամաբանական շարունակությունը: Այն խարսխված է լինելու, «լավագույն դեպքում», վարչապետ Տիգրան Սարգսյանի` սոցիալ-տնտեսական համակարգը ներկայիս խղճուկ վիճակին հասցրած, քննություն չբռնող տեսական պատկերացումների վրա:
Իշխանությունը, ըստ էության, այս ընթացքը չկարողացավ օգտագործել` այլընտրանքային, թարմ մոտեցումներ, ելքեր նախանշող նոր գաղափարներ առաջադրելու համար: Դա կարող էր ապահովել նախընտրական ծրագրի միջոցով, մինչդեռ, վերջինս այնքան գովազդային բնույթ ունի, այնքան հռչակագրային ու ընդհանրական է, որ երբեք չի կարող պլատֆորմի դեր կատարել: Այն գրվել է ընդամենը ընտրարշավին ներկայացնելու ձևական կողմն ապահովելու համար: Չներկայացնելով ոչ իրավիճակին ադեկվատ ծրագիր, ոչ էլ գործունակ թիմ` իշխանությունը, փաստորեն, հասարակությանն առաջարկում է առնվազն մինչև նախագահական ընտրությունները շարունակել ապրել նույն գորշ իրականությամբ ու անհույս հեռանկարով:
Կարդացեք նաև
«Երկիր»