Հատված Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ հարցազրույցից:
-Ե՛վ քաղաքական դաշտում, ե՛ւ խորհրդարանում մենք հիմա ունենք իշխանական ու ընդդիմադիր ուժերի 55-45 տոկոսային հարաբերակցության միշտ ցանկալի համարված պատկերը: Իսկ բովանդակությունը համապասխանո՞ւմ է այս պատկերին:
-Փաստը, որ ԲՀԿ-ն չմտավ իշխանական կոալիցիա, դեռ չի նշանակում, թե այս ուժը դառնում է ընդդիմություն: ԲՀԿ-ն իր էությամբ, մոտեցումներով, գրված ու չգրված գաղափարախոսությամբ կենտրոնամետ քաղաքական ուժ է: Նրանք ինչ-որ հարցերում կարող են քննադատել իշխանությանը, բայց ընդդիմադիր կեցվածք չեն ունեցել ու հիմա էլ չունեն: Կոալիցիա չկազմելու մասին հայտարարությամբ էլ ԲՀԿ-ն ընդգծեց, որ ունենալու է խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն հասարակական-քաղաքական կյանքում: Սա ո՛չ ընդդիմադիրի կեցվածք է, ո՛չ էլ ընդդիմադիրի գաղափարախոսություն:
Պնդելով, որ նորընտիր ԱԺ-ն առավել մրցակցային է լինելու, տեսնում եմ, որ, այնուամենայնիվ, ընդդիմադիր, ոչ իշխանական հատվածը թույլ է, քանի որ այս թեւում գործող Դաշնակցությունը, ՀԱԿ-ը եւ, որոշ վերապահումով՝ «Ժառանգությունը» որոշումների վրա ազդելու ուժ չունեն: Իշխանական թեւում Հանրապետականն ու ՕԵԿ-ն են, իսկ ԲՀԿ-ն հաստատապես ընդդիմադիր թեւում չէ, այլ կենտրոնում է: Հետեւաբար, 55-45 տոկոսային հարաբերակցությունն իրականում չկա:
-Ասվածը նշանակո՞ւմ է, որ կենտրոնամետ ԲՀԿ-ն թեեւ կառավարության մաս չի կազմի, բայց նախագահական ընտրությունների ժամանակ կպաշտպանի իշխանության թեկնածուին:
-Գրեթե աքսիոմատիկ բան եմ ասելու. եթե ԲՀԿ-ն պետք է պաշտպաներ իշխանության թեկնածուին, ապա կմտներ կոալիցիա ու իշխանության մաս կկազմեր: Իսկ քանի որ չեն մտել, ուրեմն ինչ-որ տեսլական ունեն եւ կարող են իրենց թեկնածուն առաջադրել:
Անկասկած կոալիցիային մաս չկազմելու որոշումը էականորեն նվազեցրեց Հանրապետականի քաղաքական մոնոպոլիան: Թեեւ կասկած չկա, որ Հանրապետականը այսօր էլ ունի իր նախանշած բոլոր ծրագրերը իրագործելու բավարար ներուժ:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»