Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պոլսո պատրիարքարանի 2400 վանքերից ու եկեղեցիներից մնացել են 45-ը (Տեսանյութ)

Մայիս 26,2012 11:01

Պոլսո հայոց պատրիարքարանը, որ գտնվում է Ստամբուլի Կումկապի թաղամասում, նորոգվել է մի քանի տարի առաջ` 1999 թվականին Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

Eurasia Partnership Foundationi-ի եւ Global Political Trends Center (GPoT)-ի SUPPORT FOR TURKEY-ARMENIA RAPPROCHEMENT (SATR) ծրագրով նախատեսված հերթական միջոցառումներից մեկը` Թուրքիայի եւ Հայաստանի քաղաքներով հայ եւ թուրք լրագրողների համատեղ երկշաբաթյա ավտոբուսային շրջագայությանը սկսվեց Ստամբուլում, ավելի կոնկրետ` Պոլսո հայոց Պատրիարքարանից:

Պատրիարքարանի երկար տարիների աշխատակից, ներկայումս` հրատարակչական գործի եւ Հովհաննես Կոլոտ պատրիարքի անվան թանգարանի պատասխատու Վաղարշակ սարկավագ Սերոբյանը կատակով հիշեց, թե ինչպես էին ճռճռում Պատրիարքարանի փայտե շինության մեխերը, երբ 13 տարի առաջ երկրիրը շարժվում էր Ստամբուլի «ոտքերի տակ». «Ճիշտ է բան չփլավ, քանի որ շենքը փայտաշեն է, եւ ատիկա մեր առավելությունն է, քանի որ շենքը կցնցվեր եւ կճոճվեր, բայց բան մը չեղավ: Գիշերվա ատեն, երբ ցնցումը սկսավ, ես կլսեի այդ փայտերի մեջի մեխերը կամ գամերը դուրս կելնեին եւ ներս կմտնեին, բայց բան չեղավ»:

Այնուամենայնիվ, շենքի հիմքերի մեջ խնդիրներ են առաջացել, այդ իսկ պատճառով որոշվել է մեծ հիմնանորոգում իրականացնել: Երեքուկես տարի տեւած աշխատանքների արդյունքում Պատրիարքարանի շենքը ամբողջովին նորոգվել է: Ինչպես ասաց սարկավագը` «քանի որ շենքը առաջին աստիճանի հնություն էր, հաճըս նախարարության, չարտոնացավ շենքը վար անել եւ վերաշինել, պարզապես փայտերը բացվեցան եւ ներքին փայտերը բարեփոխվեցին, եւ էլի գոցվեցին»:

Սարկավագը տեղեկացրեց, որ ներկայումս պատրիարքության հոտը կազմում է 70-75 հազար մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը գտնվում է Ստամբուլում: Տարբեր գավառներում եւս կան զանազան մեծ ու փոքր համայնքներ, օրինակ, Սեբաստիայում, Մալաթիայում, Անկարայում, Սեւ ծովի ափերի գյուղերում եւ այլն: Կան Անատոլիայում գտնվող եկեղեցիներ, որտեղ չկան համայնքներ, եւ հակառակը` կան համայնքներ Անատոլիայում, որոնք չունեն եկեղեցիներ, ինչպես` Սեբաստիայում է: Այդուհանդերձ, Պոլսում 38 եկեղեցի կա, եւս յոթը` գավառներում: Բացի 38 եկեղեցիներից, Ստամբուլում կա 17 վարժարան, քսան եւ ավելի հայկական միություններ, երկու օրաթերթ, մեկ շաբաթաթերթ եւ մեկ ամսաթերթ կան, ունեն նաեւ հայտնի Սուրբ Փրկիչ հիվանդանոցը, հայ կաթոլիկների Զորավոր հիվանդանոցը:

Անդրադառնալով եկեղեցիներին` Վաղարշակ սարկավագ Սերոբյանն ասաց, որ օսմանյան կայսրության շրջանում Պոլսո պատրիարքարանն ուներ 400 վանք եւ 2000 եկեղեցի: Փաստորեն, 2400-ից մնացել է 45-ը:

Վանի սուրբ Խաչ եկեղեցու մասին սարկավագն ասաց, որ դա, ըստ էության, թանգարան է, քանի որ այնտեղ չկա համայնք, եւ եկեղեցին չի ծառայում իր բուն նպատակին, միայն տարին մեկ անգամ այցելում են որպես աղոթավայր: Եվ հակառակը, Սեբաստիայում համայնք կա, այնինչ չկա եկեղեցի, եւ հիմա «կջանանք աղոթավայր մը ունենալ Սեբաստիա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031