Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Հ.Հովհաննիսյանի, փաստորեն նրանք, ովքեր բիզնես ու փող չունեն, ԲՀԿ-ում անելիք չունեն

Մայիս 26,2012 10:15

Դեռ մեկ շաբաթ առաջ, կայքերից մեկի տեղեկացմամբ, Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ-ականների նեղ շրջանակում հայտարարել էր, թե «Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատից»: Նրա այս հայտարարությունը զայրացրել էր Գագիկ Ծառուկյանին: Այս դեպքից հետո, իհարկե, քաղաքագետը, ինչպես նաեւ համամասնական ցուցակում ընդգրկված 27 անձ ինքնաբացարկի դիմում ներկայացրին: Սակայն Հմայակ Հովհաննիսյանը հերքեց, թե ինքնաբացարկի դիմումը ներկայացրել է Ծառուկյանի պարտադրանքով:
Սրան հաջորդեց մեկ այլ բացատրություն. «Ինքնաբացարկ եմ հայտարարել, որպեսզի նախագահական ընտրություններին անկաշկանդ ձեւավորեմ իմ դիրքորոշումը` ելնելով միմիայն իմ սեփական քաղաքագիտական դիտարկումներից, իրավիճակի անաչառ վերլուծությունից»,- նշել էր ՀՔՄ նախագահը:
Այնուհանդերձ երեկ Հմայակ Հովհաննիսյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ եւ մատնանշեց ինքնաբացարկի բուն պատճառը: Ինչից պարզվում է, որ իրեն ուղղակի ստիպել են հրաժարվել պատգամավորական մանդատից, քանի որ, կոպիտ ասած, չի «մուծվել»:
Փոքր-ինչ զարմանալի է, իհարկե, Հ.Հովհաննիսյանի հետեւյալ նկատառումը. «Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»:
Փաստորեն Հ.Հովհաննիսյանը միասնական շտաբի գործունեության շրջանում աչք է փակել ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքների վրա: Թեպետ սույն շտաբի «առաքելությունը» կարծես թե նման դեպքերը բացահայտելն ու արձանագրելն էր:
Հավանաբար ՀՔՄ նախագահը ԲՀԿ-ի պարկերով բաժանած փողերի վերաբերյալ փաստերը պարտակել է այն հույսով, որ առանց դրամական ներդրում անելու իրեն կթույլատրեն մտնել խորհրդարան:
Սակայն, ինչպես Հ.Հովհաննիսյանն է նշում իր հայտարարության մեջ, իրականությունն ավելի դաժան է, քանզի ԲՀԿ-ն առաջնորդվում է իր «ճշտով»:
Եթե իսկապես ԲՀԿ-ի ներսում գործում են ռուսական «մալինային» բնորոշ չափանիշներ, ապա Հ.Հովհաննիսյանի այս բացահայտումը ենթադրել է տալիս, որ ԲՀԿ ցուցակում ընդգրկված եւ ինքնաբացարկ ներկայացրած մնացած 28 թեկնածուները եւս դրամական ներդրում չանելու պատճառով են զրկվել մանդատից:
Հիշեցնենք, ինքնաբացարկ ներկայացրածների թվում են ԲՀԿ խմբակցության ղեկավար Արամ Սաֆարյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը, կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, ԱԺ աշխատակազմի վերլուծական վարչության պետ Արթուր Թամազյանը, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը եւ այլք:
Ըստ Հ.Հովհաննիսյանի, փաստորեն նրանք, ովքեր բիզնես ու փող չունեն, ԲՀԿ-ում անելիք չունեն, մասնավորապես ԲՀԿ խմբակցությունում տեղ չունեն: Անկախ նրանից, թե ինչպիսին է անփող թեկնածուների մտավոր մակարդակը կամ ընդհանուր պատրաստվածության աստիճանը:
Վրեժ ԱՀԱՐՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031