Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչը կարող էր դրդել ԵԽԽՎ պատվիրակությունը գլխավորող բարոնուհուն` պատրաստել նման աղավաղված փաստաթուղթ»

Մայիս 26,2012 10:10

Հատված «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանի հարցազրույցից:

– Պարոն Բեքարյան, արդյո՞ք պետք է տարբերվեր ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ մայիսի 25-ին ԵԽԽՎ հրապարակած զեկույցը մայիսի 7-ին ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված նախնական հայտարարությունից:

– Շատ բնական կլիներ եւ տրամաբանական, որ որեւէ կերպ չտարբերվեր: Հրապարակված փաստաթղթերիՙ միմյանց համահունչ լինելու համար կան շատ հստակ հիմնավորումներ: Նախ, ԵԽԽՎ-ն չի իրականացրել առանձին դիտորդական առաքելություն: Երկրորդ, այն, ինչ մենք անվանում ենք ԺՀՄԻԳ-ի նախնական հայտարարություն, հրապարակվել է ոչ միայն ԺՀՄԻԳ-ի կողմից, այլեւ որպես միջազգային դիտարկման զեկույց 4 կառույցների, որոնց մեջ են ԺՀՄԻԳ-ը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպական խորհրդարանը եւ ԵԽԽՎ-ն: Հետեւաբար, այս մեր բառացի, «պայմանական» ասված ԺՀՄԻԳ հայտարարությունը նաեւ ԵԽԽՎ հայտարարությունն է: Եվ երրորդՙ 349 կարճաժամկետ դիտորդներից ընդամենը 25-ն են եղել ԵԽԽՎ-ից: Հետեւաբար, անգամ քանակական դիտարկման ծավալի տեսակետից նոր կամ առանձին կարծիքի տեղիք չի առաջանում:

Ելնելով այս ամենիցՙ նորից կրկնենք. իհարկե, կլիներ ե՛ւ տրամաբանական, ե՛ւ բնական, որ ԵԽԽՎ հանձնաժողովի զեկույցը որեւէ տարբերություն կամ առնվազն էական տարբերություն չգրանցեր: Սակայն, ինչպես տեսնում ենք, տարբերություններն ակնհայտ են: Եվ ինչն է ամենացավալին. մի բան է ուղղակի տարբերությունը, մեկ այլ բանՙ հստակ ուղղորդված տարբերություն, որը ստեղծում է աղավաղված, միակողմանի, չհավասարակշռված պատկեր:

– Այնուամենայնիվ, ինչո՞վ կարելի է բացատրել նմանատիպ տարբերությունը:

– Այդ սուբյեկտիվ տարբերությունը կարող է իր տակ ունենալ երկու բաղադրիչ: Առաջինը` զեկույց պատրաստող անձը` իր կողմնակալ պահվածքով, անցած ճանապարհով եւ այլն: Պետք է փորձել հասկանալ, թե ինչը կարող էր դրդել ԵԽԽՎ պատվիրակությունը գլխավորող բարոնուհուն` պատրաստել նման աղավաղված փաստաթուղթ, որին, ի դեպ, ըստ տարբեր տվյալների, նորմալ չեն ծանոթացել առաքելության կամ հանձնաժողովի մյուս անդամները: Սա հարց է, որ կստանա իր պատասխանը եւ շատ կարճ ժամանակահատվածում իրական պատճառը հասկանալի կդառնա:

Մյուս կողմից, այստեղ նաեւ առկա է ինստիտուցիոնալ խնդիր. առաջին դեպքը չէ, երբ մենք անձին, նրա անցած ճանապարհին, նրա կանխակալ լինել-չլինելուն անդրադառնում ենք որեւէ փաստի արձանագրումից հետո: Կարծում եմ` սա մտորելու տեղիք է տալիս, եւ շատ ավելի նպատակահարմար եւ ճիշտ կլինի, որ մեր երկրին առնչվող որեւէ փաստաթղթի պատրաստման պատասխանատուի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվի նախապես եւ, հարկ եղած դեպքում, մեր պատվիրակությունը հիմնավորված կերպով արձագանքի մինչ նշանակումը: Ներկայում, տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների իմաստով, չեմ կարծում, որ դրա իրականացումը բարդ է:

Երկրորդ գործոնն, ինչպես նշեցինք, կառույցը` իր մոտեցումներով եւ ընթացակարգերով: Վերջին շրջանում ստեղծվում է տպավորություն, որ ԵԽԽՎ-ն իր իսկ իմիջի, գործելաոճի խնդիրները հետ է մղել երկրորդ պլան: Եվ այստեղ, մենք անելիք ունենք. հարկ եմ համարում բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ մենք եւ ԵԽԽՎ-ն բարիկադի տարբեր կողմերում չենք, Հայաստանը ԵԽ-ի լիիրավ անդամ է, եւ եթե կառույցում առկա են խնդիրներ, ապա դրանք նաեւ մեր խնդիրներն են:

Խորքային պատճառները տեսնում եմ հետեւյալում. դեռեւս 2001թ.-ից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դարձան Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, ԵԽ-ն սկսեց վերջիններիս նկատմամբ որդեգրել ինչ-որ արհեստական համահարթեցման ձեռագիր: Չեմ բացառում, որ ի սկզբանե, նպատակը, հնարավոր է, բարի էր: Սակայն, ընթացքը ցույց էր տալիս, որ նման մոտեցումը ոչ մի դրական բանի չի հանգեցնում: Այս մասին բազմիցս խոսվել է: Սակայն փաստը ցույց է տալիս, որ այդ ձեռագիրը, կամ նրա որոշակի իներցիան պահպանվել են մինչ օրս:

Տեսեք` ինչ իրավիճակ ունենք այսօր. Հայաստանում տեղի են ունեցել նախորդներից դրական իմաստով էապես տարբերվող համապետական ընտրություններ, նույն օրերին (առ այսօր եւ հենց հիմա) Ադրբեջանում արձանագրվում են մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստեր: Նման փաստերի ականատես ենք լինում մշտապես, սակայն Ադրբեջանում անցկացվող «Եվրոտեսիլի» համատեքստում այս փաստերը տեսանելի են ողջ աշխարհին եւ Եվրոպային: Հետեւաբար, այսպես թե այնպես, դրանք առաջացնում են համարժեք արձագանքի անհրաժեշտություն, այդ թվում եւ ԵԽԽՎ-ի կողմից: Ստեղծվում է տպավորություն, որ ԵԽԽՎ-ն իր ժամանակավոր հանձնաժողովի այսՙ մեղմ ասած խեղաթյուրված զեկույցով փորձում է հիմքեր ստեղծելՙ նորից ինչ-որ բան համահարթեցնելու:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031