Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ծառուկյանը կոալիցիա մտներ, ՕԵԿ-ի օրը կընկներ»

Մայիս 26,2012 00:02

Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոալիցիա  կազմեր, ապա կհայտնվեր այն նույն կարգավիճակում, որում հայտնվեց ՕԵԿ-ը 2008-ի  նախագահական ընտրություններից հետո: «Եթե ԲՀԿ-ն 450 000 ձայներ ունի և կառավարության մեջ ներկայացվելու էր 1-2 ավելի նախարարով`համեմատած  2007 թվականի ընտրությունների հետ, և չէր ունենալու մեծ լծակներ՝ իր ծրագրերը իրականացնելու, իսկ որոնք էին Ծառուկյանի ծրագրերը` մանր ու միջին բիզնեսի հովանավորություն, ներկայացրել էր հարկային խոշոր փաթեթային ծրագիր, եւ եթե իրենք չէին ունենալու լծակներ էս ամեն ինչը կիրառելու, ինքնըստինքյան՝ Ծառուկյանին ձեռնտու չէր մտնել կոալիցիայի մեջ: Ժողովուրդը լիովին կհիասթափվեր, սա մեծ վնաս կտար կոնկրետ Ծառուկյան անձնավորությանը` որպես մարդու, որն իր քարոզարշավների ժամանակ հայտարարել էր, թե ինքը գալիս է իշխանության ժողովրդի,  ոչ թե նախարարական պորտֆելներ ունենալու համար»: Գագիկ Համբարյանի կարծիքով՝ եթե ԲՀԿ-ն մտներ կոալիցիա, ապա Հանրապետական կուսակցությունը Շիրակի մարզը պետք է տար «Բարգավաճին» ու ասեր` ծրագրերդ իրականացրու, տեսնեմ՝ ինչե՞ր ես անելու:

Այս քայլը, ըստ քաղաքագետի, ունի իր տրամաբանական բացատրությունը.   Շիրակի մարզի 4 ընտրատարածքներից  3-ում   մեծամասնական ընտրակարգով հաղթել են  ԲՀԿ-ական  թեկնածուները,  համամասնական ընտրակարգով էլ Շիրակի մարզը երկրորդն է՝ Կոտայքից հետո, որ այդքան մեծ քանակությամբ ձայներ է տվել ԲՀԿ-ին:  Իսկ այժմ, ըստ  Գագիկ Համբարյանի, որքան էլ մարզպետի պաշտոնը հայեցողական լինի,  ՀՀԿ-ն այն ԲՀԿ-ին չի զիջի, քանի որ մարզպետը թեեւ քաղաքներում ոչինչ չի կարող անել, սակայն գյուղերում ձայներ ապահովելու  առումով մեծ դերակատարություն ունի:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ի հաղթանակը Շիրակի մարզում ինչո՞վ է պայմանավորված, այս կուսակցությանն անկեղծորեն վստահո՞ւմ են, թե՞ պարզապես ՀՀԿ-ի ընտրակաշառքը տեղ չէր հասել, ինչի պատճառով էլ շահեց ԲՀԿ-ն: «ԲՀԿ-ն այս մարզում բավականին հզոր էր՝ Մարտուն Գրիգորյան, Վարդևան Գրիգորյան, Սամվել Բալասանյան, Մուշեղ Պետոյան, Ռոբերտ Զաքարյան: Նրանք քաղաքական և տնտեսական ոլորտում հայտնի գործիչներ են, օրինակ` պարոն Բալասանյանը ահռելի գարեջրի գործարանի տեր է, մարդը էստեղ աշխատատեղեր է բացել, դուք կարծում եք՝ ինչի համար պետք է չընտրեին, վերջապես մարդկանց աշխատանք է տալիս, նույնը՝ մնացածը. քիչ, թե շատ, բայց որպես գործարարներ՝ բոլորն էլ ունեն աշխատատեղեր, էստեղ առևտուր չէ, էստեղ խանութատեր չէ,  գործող պատգամավորներ են, որոնք ունեն իրենց դիրքը, շրջապատը, պատիվն ու հարգանքը, ո՞վ է  ասել, որ իրենք չպետք է ընտրվեին: ՀՀԿ-ի պարտության պատճառը ընտրակաշառքը չէ. մեր ժողովուրդը արդեն սովորել է՝   ընտրակաշառք կարող է վերցնել ե՛ւ ՀՀԿ-ից, ե՛ւ ԲՀԿ-ից ե՛ւ «Օրինաց երկրից», ե՛ւ ՀԱԿ-ից, բայց ընտրել նրան՝ ում ուզում է: Այստեղ խնդիրը Գյումրիում ստեղծված  ոչ նորմալ բարոյահոգեբանական  մթնոլորտի մեջ է»,- ասում է  մեր զրուցակիցը` ՀՀԿ-ի պարտության հարցում մեղադրելով Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատուին` Վարդան Ղուկասյանին:

Այս թեմայի շուրջ Գագիկ Համբարյանի մեկնաբանությունները ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031