Քաղաքն այսօր ավելի քան աշխույժ էր` գունավոր փուչիկներ, սուլոցներ, մեքենաների ազդանշաններ… Մարդկանց դեմքին ժպիտ կար, նկատվում էր բարձր տրամադրությունը, պատճառը մեկն է` այսօր 12-րդ դասարանցիների վերջին զանգն է: Նրանք հրաժեշտ են տալիս դպրոցին և թևակոխում կյանքի նոր ու ավելի դժվար մի փուլ: Մաղթանքներ, անկեղծ խոսքեր, արցունքներ… դժվար է բաժանվել հարազատ դպրոցից:
«Չկարողացա զսպել արցունքներս, հակառակի պես հենց իմ ելույթի ժամանակ էլ սկսեցի արտասվել, չեմ պատկերոացնում, որ էլ դպրոց չեմ գնալու»,- ասում է շրջանավարտ Նարինե Ամիրջանյանը:
Հանրապետության հրապարակը ժամը 13.00-ից արդեն լի էր շրջանավարտներով: Նրանք լուսանկարվում էին, երգում, բոլորի շուրթերից հնչում էր` 10-ի ա, 10-ի բ…
«Առաջին տարին է, որ աշակերտներն ավարտում են 18 տարեկանում, բայց միևնույնն է անգամ այդ տարիքում նրանք կարծես երեխա լինեն»,- ասում է 105 ավագ դպրոցի ուսուցիչներից մեկը, ով նույն դպրոցի շրջանավարտների հետ էր:
«Այսօր և ուրախ եմ և տխուր. Ուրախ եմ, որ վերջապես եկավ այդքան սպասված վերջին զանգի օրը, դրանից զատ տխրում եմ, քանի որ շատ կապված էի դպրոցիս հետ. դասղեկիս, դասընկերներիս շատ կկարոտեմ, ու մեկ էլ կարոտելու եմ ռուսաց լեզվի դասերը` իմ ամենասիրելի ժամերն էին»,- ասում է Ելենա Սարիբեկյանը, իսկ նրա դասընկեր Վահե Մխիթարյանը կարծում է, որ տխրելու առիթ չունի. «Ես ընդհանրապես չեմ տխրում, որ ավարտել եմ: Շատ ուրախ եմ, միայն թե անհանգստանում եմ գալիք քննությունների համար: Որոշել եմ ընդունվել տնտեսագիտական համալսարան. հույսերս մեծ են»,- ասում է նա:
«Նայում եմ ու զարմանում, թե ժամանակը որքան փոփոխություններ է մտցնում: Նախկինում շրջանավարտները չէին համարձակվում նույնիսկ անգույն շրթներկ քսել, իսկ այսօր բոլորը հատուկ Make-up-ի են գնում, էլ չեմ խոսում վարսահարդարման մասին: Այ հիմա նայում եմ այս երեխաներին` կարծես համալսարանն են ավարտում, ոչ թե դպրոցը: Շատ վատ է, որ այսօր աշակերտն իրեն նման չէ»,- ասում է անցորդներից մեկը` 48- ամյա Ամալյա Սարգսյանը:
Ազատության հրապարակում նույնպես ավարտական դասարաններ կային, բայց միևնույնն է` Հանրապետության հրապարակը շարունակում է մնալ ամենալեցունը շրջանավարտներով:
Տիգրանուհի Թասլակյան