Արդեն հաղորդել ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի այսօր Տիրանայում կայացած նիստում քննարկվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը:
Ներկայացնում ենք զեկույցի «եզրակացություններ» բաժինը:
Այստեղ դիտորդական առաքելությունը նախ կոչ է անում Հայաստանի իրավասու մարմիններին ձեռնարկել հնարավոր բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հանրության վստահությունը ընտրությունների նկատմամբ ձեւավորելու համար՝ երաշխավորելով ընտրական ողջ գործընթացի արդարությունը. «Իրոք մինչեւ ընտրությունները պատվիրակության կողմից դիտարկված հիմնական խնդիրներից մեկը եղել է ընդհանուր առմամբ հավատի պակասը ընտրական գործընթացի նկատմամբ՝ քաղաքական շահագրգիռ կողմերի եւ հասարակության կողմից: Վիճահարույց խնդիրներից մեկը, որը նպաստեց այդ պակասին՝ ընտրական ցուցակների անճշտություններն էին, որոնք առիթ տվեցին շահարկումների արտերկրում բնակվողների, բայց դեռեւս ցուցակներում ընդգրկվածների ձայների օգտագործման վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Դիտորդական առաքելությունը սակայն նաեւ գտնում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք բնակվում են արտերկրում՝ հնարավորություն պիտի ունենան քվեարկելու:
«Ընտրական ցուցակների ճշգրտությունը նախադրյալ է ճիշտ ընտրությունների համար, ինչպես նաեւ որեւէ ճնշման բացակայությունը ընտրողների վրա՝ ինչպես ընտրարշավի, այնպես էլ քվեարկության օրը: Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները ձախողեցին ապահովել այս նախադրյալները»,- նշել են ԵԽԽՎ դիտորդները՝ եզրակացնելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվորեն զբաղվեն այս խնդիրների լուծմամբ՝ նկատի ունենալով 2013 թվականի նախագահական ընտրությունները: