Մայիսի 26-ին, ժամը 12:00-16:00, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (Բաղրամյան 40) «Մանուգյան» դահլիճում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է ուսանողական ֆորում նվիրված Թեղուտի հիմնախնդրին:
Ֆորումի նպատակն է հանրությանը իրազեկել Թեղուտի խնդրի մասին և հնարավորություն տալ այդ խնդրով մտահոգված մարդկանց ներգրավվելու Թեղուտի փրկության գործընթացին: Օրակարգում նախատեսվում են ելույթներ Թեղուտի խնդրի բնապահպանական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, իրավական և քաղաքացիական համատեքստերում: Կցուցադրվեն նաև թեմային առնչվող ֆիլմեր և տեսահոլովակներ:
Ներկաները հնարավորություն կունենան փոքր աշխատանքային խմբերում ավելի մանրամասն ծանոթանալ նախաձեռնության աշխատանքներին և հանդես գալ առաջարկներով:
Ավելի ուշ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն տարածեց, որով հայտարարեց միջոցառման հետաձգման մասին:Ըստ հաղորդագրության, աշխատանքային օրվա ավարտից առաջ, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ հրաժարվում է տրամադրել «Մանուգյան» դահլիճը Թեղուտի ֆորումի համար, քանի որ խախտվել է դահլիճի վարձակալություն ստանալու համար դիմումի ընթացակարգը, բացի այդ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականության համաձայն արգելվում է համալսարանում քաղաքական ենթատեկստ ունեցող հարցերի քննարկումը: Փոխարենը, համալսարանի ղեկավարությունն առաջարկել է ապագայում վարձակալությամբ տրամադրել տարածք Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում: Թե ե՞րբ տեղի կունենա ուսանողական ֆորումը՝ նախաձեռնությունը խոստացել է լրացուցիչ տեղեկացնել:
Կարդացեք նաև