Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական ընտրություններն արյունալի չե՞ն լինի

Մայիս 25,2012 17:51

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` կոալիցիա չմտնելու մասին տարածած հայտարարությունից անմիջապես հետո, Գյումրիի մտավորականների շրջանում սկսեցին կարծիքներ հնչել, թե սա ենթադրում է արյունալի նախագահական ընտրություններ: Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս կգնահատի այս կարծիքները, սրանք ծայրահե՞ղ են, թե՞ այնուամենայնիվ կա իրականություն, եւ եթե ԲՀԿ-ն որոշի նախագահի իր սեփական թեկնածուով հանդես գալ, ո՞ւմ կառաջադրի Գագիկ Ծառուկյանի՞ն, Վարդան Օսկանյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին: «Չեմ ուզում նույնիսկ մտածել այն մասին, որ նախագահական ընտրությունները կլինեն արյունալի: Ես համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական այրերը` կապ չունի հանրապետական է, դաշնակցական,ՕԵԿ-ական է, թե ԲՀԿ-ական, այնքան խոհեմ կգտնվեն, որ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու մեր շրջապատը՝ աթոռակռվի մեջ մտնելու դեպքում էլ չեն հասցնի գործը ծայրահեղության եւ երբեւիցէ թույլ չեն տա, որ Հայաստանում տեղի ունենա քաղաքացիական պատերազմ: Մենք այդպիսի մի օրինակ ունենք, երբ որ 1998 թվականի փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը, բավականին մեծ լծակներ ունենալով, զիջեց պաշտոնը այն քաղաքական ուժին, որը դեմ էր կոնկրետ Լեռնային Ղարաբաղի լուծման փուլային տարբերակին եւ առանց արյուն թափելու՝ այդ գործընթացը մտավ Սահմանադրական ուղի, եւ նորմալ լուծվեց», -այսպիսի կարծիք հայտնեց Գագիկ Համբարյանը:

Մեր զրուցակիցը համոզված է , որ երեք նախագահներից եւ ոչ մեկն իրենց քաղաքական ամբիցիաների համար չեն գնա այդպիսի ծայրահեղությունների, և ժողովրդին չեն ներգրավի արյան մեջ: «Արյուն ասելով` մենք պարտադիր հասկանում ենք քաղաքացիական պատերազմ, իսկ այդ դեպքում Աստված ոչ անի, Հայաստանը վայրկյանապես կկորցնի Լեռնային Ղարաբաղը: Մենք չպետք է մոռանանք, որ մարտի 1-ի դեպքերից հետո՝ մարտի 4-ին, ադրբեջանցիները խոշոր դիվերսիա կազմակերպեցին Մարտակերտի ուղղությամբ: Դա ի՞նչ էր ցույց տալիս, նրանք առիթից օգտվելով դա արեցին: Մենք չպետք է մոռանանք, որ այդ պարագայում կունենանք շատ մեծ կորուստներ»:

Իսկ թե ո՞ վ կլինի հաջորդ նախագահը, քաղաքագետի կարծիքով, ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ն թևակոխում է ծայրահեղ ընդդիմադիր դաշտ: «Եթե ԲՀԿ-ն ուզեր գործը հասցնել այնպիսի իրավիճակի, որ չճանաչեր ընտրությունները, չէր վերցնի 37 մանդատները, որոնք ուներ, եւ սա շատ մեծ վնաս կհասցներ Հանրապետական կուսակցությանը: ԲՀԿ-ն, վերցնելով մանդատները, ստանձնում է չափավոր ընդդիմադիր կեցվածք, այսինքն՝ ինքը հայտարարում է, որ չմտնելով կոալիցիայի մեջ, դժգոհ է պորտֆելների բաշխումից և իրականում չուներ այն լծակները, որով կարողանար իր ծրագրերը իրագործել:

Երեկ ՀՀԿ-ի ղեկավարներից մեկը` Հովիկ Աբրահամյանը հարցազրույց տվեց` հայտարարելով, որ դեռ բացարձակ լուծված չէ , թե 2013 թվականի նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն չի պաշտպանելու Սերժ Սարգսյանին: Հովիկ Աբրահամյանն այն անձանցից չէ, ով կարող էր այդ հայտարարությունը հենց այնպես աներ:

Իսկ ինչ վերաբերում է, թե ԲՀԿ-ն ձեր նշած անձանցից ում թեկնածությունը կառաջադրի նախագահի պաշտոնում՝ մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանին ու ԲՀԿ-ին միմյանց կապելը ասեկոսեների բնույթի են, պաշտոնապես չենք լսել, որ որևիցէ մեկը, թե գործող իշխանությունների թիմից, նույն ԲՀԿ-ից, պաշտոնապես հայտարարի, որ այո ԲՀԿ-ի թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը: Այնպես որ պարտադիր պետք է երկրորդ նախագահը հայտարարությամբ հանդես գա, որ համոզվենք՝ դնելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Իսկ ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին ու Գագիկ Ծառուկյանին, ապա երկուսն էլ մեծ վարկանիշ ունեն ժողովրդի մեջ, պոտենցիալ բոլորն էլ կարող են թեկնածուներ լինել, բոլորն էլ իրենց վաստակն ու քաղաքական անցյալն ունեն»,-ասում է Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031