Aravot.am-ը «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանից փորձեց ճշտել, թե նա հակասություն չի՞ տեսնում երեկ ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու հայտարարության` իր եւ Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությունների միջեւ:
Նշենք, որ երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեկնաբանություն էր տվել մի քանի ԶԼՄ-ների ու հայտնել. «Իշխանական կոալիցիա չմտնելու «Բարգավաճ Հայաստանի» որոշումը Սերժ Սարգսյանի դիրքերի թուլացման վկայությունն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը ցույց է տալիս, որ ընտրությունների նախօրեին ճաք տված իշխանության մոնոլիտը քանդվում է»: Ուշագրավ է հատկապես այն հատվածը, որտեղ Լեւոն Զուրաբյանն ընդգծում է` «Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցության քաղաքական մենաշնորհի քայքայմանն ուղղված Հայ ազգային կոնգրեսի` դեռ 2011 թվականի հոկտեմբերին հայտարարված ռազմավարությունը, այդ թվում` ընտրությունների օրինականությունը վերահսկող միասնական շտաբի ստեղծումը ճշգրտորեն հաշվարկած քայլեր էին, որոնք նպաստում են ռեժիմի քաղաքական մեկուսացմանը»:
Իսկ Հրանտ Բագրատյանը ասել էր. «Նախ պետք է հասկանալ, որ դեռեւս հայտարարության հետ գործ ունենք, եւ չպետք է բացառել, որ կարող է վիճակ փոխվել, եւ վաղը մեկ այլ հայտարարություն լինի: ԲՀԿ-ին չի տրվել այն, ինչ նա ուզում էր: Հենց հիմա էլ, եթե ԲՀԿ-ին տան ավելին, այսինքն՝ վարչապետի պաշտոնը, իրենք կանցնեն մյուս դաշտ»:
Մենք հետաքրքրվեցինք` նկատե՞լ եք հակասություն: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Ես հակասություններ ման չեմ գալիս, որ նկատեմ»: Մենք ճշտեցինք՝ այդ մեկնաբանությունը Ձեր անձնակա՞ն կարծիքն էր, թե՞ ՀԱԿ-ի հետ համաձայնեցված էր. «Եթե ես ասում եմ՝ իմ անձնական կարծիքն եմ ասում, եթե ՀԱԿ-ի անունից եմ ասում, ասում եմ ՀԱԿ-ի անունից»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ այդ տեսակետը ՀԱԿ-ի տեսակետից տարբերվում է` պարոն Բագրատյանը վստահեցրեց, որ դա մեզ է թվում. «Ինքը այդպես է ասել, հիմա ի՞նչ, այդ երկուսը հակասո՞ւմ են: Որտե՞ղ է հակասում»: Մենք ճշտեցինք` այսինքն` ՀԱԿ-ն, այսպես ասած, իր հաղթանակն է արդեն նշում ճշգրտորեն հաշվարկված քայլերի առումով, Դուք դեռ կասկածում եք. «Ես հակասություն չեմ տեսնում: Եթե ես ձեզ ասեմ, որ դուք շատ գեղեցիկ եք, մեկ ուրիշն էլ ասի, որ դուք ավելի գեղեցիկ չեք, քան թե Կլեոպատրան էր, այս դեպքում հակասո՞ւմ է իրար: Ես ասել եմ` նրանք չկազմեցին, որովհետեւ չստացան այն, ինչ ուզում էին, Զուրաբյանն էլ ասում է` մենք դա հաշվարկել ենք, հիմա ասում է` ի՞նչ անենք: Ես հակասություն չեմ տեսնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ