2011-2012 ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի ավագ եւ հիմնական դպրոցներն ավարտեցին 3255 շրջանավարտներ: Մարզի 6 ավագ դպրոցներում եւ մեկ կրթահամալիրում ավարտական զանգը հնչեց 544 շրջանավարտների համար:
Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցների թվին ավելացել է Մարտունու ավագ դպրոցը:
Ձորագյուղի ավագ դպրոցն այս տարի ավարտեց 103 շրջանավարտ: Այդ դպրոցն այս տարի ուներ 3 հոսքային դասարան, եւ ըստ տնօրենի` ավարտողներից 30-ն իրենց ուսումը շարունակելու են Հայաստանի տարբեր բուհերում:
Կարդացեք նաև
Վարդենիկի կրթահամալիրը տվեց 115 շրջանավարտ, նրանցից 60-ը կստանա բարձրագույն կրթություն, 40 տղաներ կմեկնեն բանակ, մյուսները կսովորեն արհեստագործական, մշակութային եւ այլ հաստատություններում:
Վարդենիսի ավագ դպրոցն ավարտեցին 47 շրջանավարտներ, նրանցից 23-ը կշարունակեն ուսումը բուհերում:
Ճամբարակի ավագ դպրոցի 30 շրջանավարտներից 14-ը կմասնակցեն միասնական քննություններին:
Սեւանի ավագ դպրոցն ավարտեց 154 շրջանավարտ: Դպրոցն ուներ 7 հոսքային դասարան, որից մեկը` ընդհանուր դասարան: Ըստ դպրոցի տնօրենի` իրենց դպրոցի շրջանավարտների մեծ մասը կգնան բուհ:
Գավառի ավագ դպրոցի 6 հոսքային դասարաններն ավարտեցին 93 աշակերտներ: Նրանցից 82-ը սովորելու են Հայաստանի տարբեր բուհերում:
Հիմնական դպրոցն ավարտող դասարանների թիվը 150-ն է, 12-րդ ավարտական դասարանների թիվը` 26:
Միասնական ավարտական քննություններին կմասնակցի 3459 հայտատու:
Մարզի դպրոցներից 123-ն ունեին ավարտական դասարան:
Այսօր մարզի բոլոր դպրոցներում հնչեց ավարտական զանգը, դասարաններում կազմակերպվեցին ավարտական միջոցառումներ:
Ինչպես «Առավոտի» թղթակցի հետ զրույցում նշեց Գավառի ավագ դպրոցի տնօրեն Տաթեւիկ Չիչակյանը` ավարտեցին եռամյա դպրոցի առաջին շրջանավարտները: «Կարող ենք ասել, որ ավագ դպրոցն այսօր մեծ ու ծանրակշիռ քայլեր է արել, կայացել է, բայց դեռ շատ անելիքներ ունենք: Անելիքներ ունի ոչ միայն դպրոցը, այլեւ հասարակությունը եւ ծնողը»:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ