Երևանի 105 ավագ դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասում: Այստեղ վերջին զանգի ակտիվություն դժվար թե նկատվի, քանի որ 12-ի Գ դասարանը արել է միայն վերջին դաս: Նրանց դասղեկը Սուսաննա Մարտիրոսյանն է: Ասում է, այդ դասի միջոցով երեխաները խոստացել են` պահպանել կյանքի կարևոր պայմանները: Դպրոցական տարիները միշտ էլ ամենահիշվողն են` կարծում է նա: Իրենց մոտ ավանդական միջոցառումներին փոխարինել էր շրջագայությունը քաղաքով: Հենց այդ ժամանակ էլ Հանրապետության հրապարակում «Առավոտ երիտասարդականը» հանդիպեց շրջանավարտներին: Նրանց տրամադրությունը լավ էր: Երևի թե նույն տրամադրությունը կունենան ծնողները, քանի որ խուսափել են վերջին զանգի ծախսերից. «Մեր դպրոցում ոչ մի տեսակ դրամահավաք չի եղել: Միջոցառման ժամանակ ամեն երեխա իր համար գնել է փուչիկներ, միայն ծնողներն են, որ իրենց ցանկությամբ մի քանի ուսուցչի ծաղիկներ են բերել ու շնորհավորել: Դրամահավաքի կարիք չի եղել»,- ասում է տիկին Մարտիրոսյանը:
Ոչ տնօրենին է նվեր արվել, ոչ էլ այսպես կոչված, ֆոնդի գումար է հավաքվել, նույնիսկ աշակերտների հագուստը եղել է ուղղակի դպրոցական համազգեստ, հավաստիցանում է ուսուցչուհին:
Իսկ Հարություն Հովհաննիսյանը 105 դպրոցի`12-ի երրորդ դասարանի շրջանավարտներից է: Ավարտելով դպրոցը, ցանկանում է ընդունվել թատերական համալսարան ու դառնալ դերասան: Նպատակները շատ են ու, ինչպես ինքն է ասում, խառը: 12 տարվա կրթությունը նրան տվել է հիմք ազատ մտածելու համար: Ինքը համաձայն չէ այն մտքի հետ, որ համալսարանը ավելի լավ է, քան դպրոցը. «Դպրոցում անցել են իմ ամենալավ տարիները: Կարողա ավելի լավ տարիներ էլ լինեն, բայց հաստատ ես տարիները չեն մոռացվի»:
Արամ Արարատյան