Մայիսի 16-17-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Վիլյամ Շեքսպիրի` «Ջոն արքա» ներկայացմամբ հանդես է եկել շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում: Այսօր էլ` մայիսի 25-ին, սունդուկյանցիները ՀՀ. մշակույթի նախարարությունում ամփոփում էին տպավորությունները:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես եղավ, որ մեկնեցին Մեծ Բրիտանիա. «2010 թվականից մշակույթի նախարարության հետ համատեղ, արդեն իսկ քայլեր էին ձեռնարկվում շեքսպիրյան փառատոնին մասնակցելու համար: Այն ժամանակ խոսքը գնում էր Սունդուկյան թատրոնում գոյություն ունեցող ընդամենը մեկ շեքսպիրյան ներկայացման՝ «Մակբեթի» մասին: Բանակցությունները շարունակվում էին Անգլիայի հետ: 2011 թվականին մենք հայտնվեցինք այն 37 երկրների ցանկում, որոնք պետք է մասնակցեն: Ստացանք շատ կոնկրետ պատվեր` բեմադրել Շեքսպիրի` «Ջոն արքան»:
Ներկայացումն ընթացել է բացառապես բնական լուսավորության ներքո, առանց բեմական ձևավորման, երաժշտության կենդանի կատարումով և մասնակից երկրների մայրենի լեզվով: Կազմակերպիչներներ են այսպես ցանկացել: Դավթյանի խոսքով, Հայաստանը միակն ու առաջինն է, որ բեմադրել է «Ջոն արքան», այն էլ` «Գլոբուսում»:
Կարդացեք նաև
Հունիսի 20-ին ներկայացումը նույնությամբ կցուցադրվի Երևանում:
Ներկայացման բեմադրիչը Տիգրան Գասպարյանն է: Նա առաջին անգամ է Շեքսպիր բեմադրել ու շատ ուրախ է, որ այն հաջողվել է:
Բեմադրիչը փաստեց, որ բացի ճանաչումից, այս ներկայացումը իրենց նոր առաջարկների հնարավորություն է ընձեռել:
Դերասան Ալբերտ Սաֆարյանը այն եզակիներից է, ով պատիվ է ունեցել խաղալ «Ջոն արքա» բեմադրության մեջ: Իրեն հետաքրքրել է նաև հանդիսատեսը: «Յուրահատուկ հանդիսատես էր,- ասում է նա ու ավելացնում,- մեզանով իրականացավ Վահրամ Փափազյանի երազանքը. մեր թատրոնը ներկայացնել Անգլիայում: Հաճույք ենք ստացել ամեն ինչից` թե քաղաքից, թե ներկայացումից»: Անգլիայում «Ջոն արքա» բեմադրելը` Սաֆարյանը համարում է մեր պետության հաղթանակը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ