Սահմանադրական դատարանը կարճատեւ ընդմիջոււմ էր հայտարարել ՀԱԿ 10 կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանի խնդրանքով: Մինչ այդ համամասնական ընտրակարգով ԱԺ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դաշինքի երկրորդ ներկայացուցիչը՝ Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց իրենց դիրքորոշումը:
Ընդմիջումից հետո ՍԴ նախագահն արձանագրեց, որ առանց զգուշացնելու Լ. Զուրաբյանը «անհարմար» իրավիճակում է թողել իրենց, քանի որ հարցեր պիտի տային ինչպես պատասխանող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, այնպես էլ ՍԴ անդամները:
Վահե Գրիգորյանն ընդունեց, որ պետք է տեղյակ պահեր Զուրաբյանի բացակայության մասին, ապա պատրաստակամություն հայտնեց պատասխանելու ՍԴ հարցերին:
ՍԴ անդամ Կիմ Բալայանը, հղում անելով դիմումատուի այն արտահայտությանը, թե «ՀՀ նախագահն առաջին համարը լինելով, ազդեցություն է ունեցել ընտրարշավի վրա», հարցրեց.«ՀԱԿ-ի 1-ին համարն էլ ՀՀ հիմնադիր նախագահն է: Այդ դեպքում նա էլ անհավասար դրության մեջ չի՞ գցում մյուս կուսակցությունների առաջին համարներին իր ազդեցությամբ», Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ես լիազորված եմ պատասխանելու համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքների մասին հարցերին: Ձեր կողմից հարցն ավելի հռետորական է, քան իրավական»:
Կարդացեք նաև
Ապա հավելեց. «Խոսքը գնում է պետական հեղինակության մասին: Իսկ հանրապետության նախագահ լինելը պատվավոր տիտղոս է»:
Սահմանադրական դատարանը հետաձգեց դատական նիստը: Այն նշանակվեց մայիսի 29-ին:Հարցեր կտան ԿԸՀ ներկայացուցիչները, որոնք արդեն իրենց միջնորդության մեջ նկատել են, թե կողմը մայիսի 13-ի ԿԸՀ կայացրած 264-Ա որոշման իրավաչափության վերաբերյալ ՀՀ ԸՕ սահմանադրականության հարցով «աբստրակտ սահմանադրական վերահսկողության» հայցն է վիճարկում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ «ՀՀ սահմանադրության 100, 101 հոդվածների պահանջներին համապատասխան, ԱԺ որոշումների, ՀՀ նախագահի հրամանագրերի, վարչապետի, ՏԻՄ մարմինների համապատասխանությունը Սահմանադրությանը գործերով, ՍԴ դիմելու իրավունք ունեն հանրապետության նախագահը, պատգամավորների առնվազն 1/5-ը, մարդու իրավունքների պաշտպանը եւ կառավարությունը»:
Չի բացառվում, որ ԿԸՀ-ն դարձյալ պնդի կողմի ոչ պատշաճ լինելը: