«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ավարտել է Նոր Արեշի թիվ 45 դպրոցը: Aravot.am-ը պարոն Կարապետյանից հետաքրքրվեց, թե իր «վերջին զանգին» ոտանավոր արտասանե՞լ է, ելույթ ունեցե՞լ է: Նա վստահեցրեց, որ ինքը ոչ ելույթ է ունեցել, ոչ էլ ոտանավոր ասել. «Ես սովորական դպրոց չեմ գնացել: Մեր թաղամասը խուլիգանական էր համարվում, եւ ոտանավոր-բան չկար: Ամոթ չէր, ուղղակի ընդունված չէր»: Պարոն Կարապետյանը պատմեց, թե ինչպես են դպրոցում ուզեցել իրեն գնդակահարել. «Ապրիլի 24-ին փակել էին դպրոցն ամբողջությամբ, այն ժամանակ չէին թողնում գնալ: Հայոց լեզվի դասին երկրորդ հարկից, դասի ժամանակ դասատուն պտտվեց հետ, մենք սկսեցինք պատուհանից թռնել դուրս: Հետաքրքիրը գիտեք ինչն էր իմ համար` մենք թռանք, բայց որ աղջիկները սկսեցին թռնել` սաղ դպրոցը դուրս եկավ: Պատկերացնո՞ւմ եք` առաջին հարկում ցածր դասարանցիների դասարաններն էին, նստած դաս են անում, մեկ էլ տեսնում են, որ վերեւից մարդիկ են թռչում: Ոչ մի վնաս, բան չեղավ: Հետո Կոմերիտմիությունը, որպես ակտիվիստ, որոշեց, որ ինձ պետք է պատժի: Հավաքվեցին, խումբ կար, որոշեցին փախուստի կազմակերպիչներին, ասեցին ի՞նչ պատիժ տան` ասեցին` տանենք ու գնդակահարենք, եկեք քվեարկենք: Բոլորը հասկացան, որ ես չեմ գնդակահարվելու, որովհետեւ ոչ մեկը չէր քվեարկելու, հարցը փակեցին, միայն բոլորին նկատողություն հայտնեցին, ասացին հաջորդ անգամ չտանեք»:
Արամ Կարապետյանը, ճիշտ է, «Օգնիր դպրոցիդ» նախաձեռնությանն իր հանգանակությամբ չի մասնակցել, բայց վստահեցրեց, որ ամեն անգամ գնում է դպրոց, այցելում իր սիրելի ուսուցիչներին. «Ընտրությունից ընտրություն մինիմում գնում եմ, բայց միշտ գնացել եմ: Մի հատ շատ հետաքրքիր ուսուցչուհի ունեինք, իմ սիրած ուսուցիչները մի քանիսն էին, բայց ընկեր Սաֆարյանը, որ հայոց լեզու, գրականություն էր դասավանդում, այդ կինն այնպես էր կարողանում դա անել, որ մինչեւ այսօր որեւէ գրքի կարիք չկա ստուգելու: Ստորակետները, վերջակետները միշտ ճիշտ ենք դնում: Իմիջիայլոց ասեմ, որ հայերենի իմացության համար շատ լավ դպրոց է: Ես միանգամից դպրոցից հետո գնացել եմ Պոլիտեխնիկ, Մոսկվա ասպիրանտուրա, եւ գնացել եմ այնտեղ, որտեղ համարվում էր ռահվիրա թեորեայի, որեւէ մեկը չէր հավատում, որ ես Պոլիտեխնիկ եմ ավարտել ու դպրոց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև