Այսօր ՀՀ Վարչական դատարանում դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի ապամոնտաժման առաջին բրիգադի անդամներից Կարեն Շիկոնյանի գործով դատը՝ ապամոնտաժման ժամանակ ոստիկաններին չենթարկվելու մեղադրանքով:
Ըստ Lragir.am-ի՝ նիստի սկզբում հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը ներկայացրել է Կարեն Շիկոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ փաստեր, ըստ որի՝ 2012-ի ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մաշտոցի պուրակում Կարեն Շիկոյանը անցել է տեղադրված մետաղյա արգելափակոցները և մուտք գործել ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող տարածքը, բարձրացել է կրպակներից մեկի տանիք և փորձել ապամոնտաժել այն, ինչպես նաև հրաժարվել է դուրս գալ տարածքից:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Ստեփանյանի պահանջին՝ դադարեցնել գործողությունները, Կարեն Շիկոյանը չի ենթարկվել, որը ենթադրում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 183-րդ հոդվածով: Պատասխանող Կարեն Շիկոյանը ներկայացրել է իր հակափաստարկները, ըստ որի, քանի որ բավական երկար ժամանակ կրպակների՝ այգում տեղադրման կապակցությամբ որևէ իրավական հիմք չէր ներկայացված, քաղաքացիներով որոշել են քաղաքացիական դատավճիռը կայացնել և ներկայացնել և ոստիկանության համար ի սկզբանե պարզ է եղել՝ ովքեր են մասնակցելու ապամոնտաժմանը. «Իմ քաղաքացիական պարտքն է ապօրինությանը չենթարկվելու և այս իրավունքը քաղաքացիներին տրված է սահմանադրությամբ, և մենք որևէ իրավախախտում չենք արել», պատասխանել է Կարեն Շիկոյանը՝ հարց ուղղելով հայցվոր կողմից՝ արդյոք որևէ պայմանագիր եղե՞լ է ոստիկանության և տարածքում շինարարություն իրականացնող Կենտրոն կանաչապատում ՓԲԸ-ի միջև տարածքի գույքը պահպանելու վերաբերյալ, քանի որ տվյալ դեպքում ոստիկանությունը կատարել է գույքի պահպանություն և թե ուր է գույքի պահպանության իրավական հիմքը և պնդել է. «Այն, ինչ իրականացրել ենք, իրականացրել ենք մեր իրավունքի սահմաններում»:
Հայցվորի ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը պատասխանել է, որ ոստիկանությունը կատարել է հասարակական կարգի պահպանման իր պարտականությունները, բայց պայմանագիր չի եղել, եղել է Երևանի քաղաքապետի՝ հասարակական կարգի պահպանման վերաբերյալ /16.02.2012թ./ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գրությունը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին, որտեղ քաղաքապետը խնդրում է Մաշտոցի պուրակի հասարակական կարգի պահպանության օրինական շինարարության բնականոն ընթացը պահպանել:
Բացի այդ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ՓԲԸ տնօրենը 23.02.2012թ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին հայտնել է, որ շենքին հարող այգում երեկոյան բարձրացված աղմուկը խանգարում է իրենց բնականոն աշխատանքին:
Կարդացեք նաև
Կարեն Շիկոյանը նշել է, որ հրամանը անօրինական է, քանի որ չկա իրավական հիմք գույքի պահպանման վերաբերյալ, ուստի իրենք փորձել են մտնել տարածք և փորձել ապամոնտաժել:
Դատավոր Աղասի Դարբինյանը վճռի հրապարակման օր է նշանակել հունիսի 8-ին, ժամը 17:00-ին: