Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «ՀՀԿ-ն ծանր վիճակում է, պատրաստ է կարծիք լսել անգամ ՀԱԿ-ից»

Մայիս 25,2012 14:40

Այսօր «Հայելի» ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էր: Նա կանխատեսել էր, որ ԲՀԿ-ն կկազմի կոալիցիա: Եվ քանի որ պարոն Կարապետյանը միշտ հպարտանում է, որ կատարվում են իր բոլոր կանխատեսումները, այս անգամվա սխալվելը բացատրեց այսպես. «Իմ պարագայում շատ քիչ է պատահում, որ չկատարվի, սա այդ դեպքն էր: Ես ասել եմ՝ բայց: Ես միշտ տվել եմ բայց… եթե լինեն արտաքին ճնշումներ: Միշտ ԲՀԿ-ն արտաքին աշխարհի հետ կապում են Ռոբերտ Քոչարյանով, դա այդպես չի: Գագիկ Ծառուկյանն ունի իր սեփական հարաբերությունները, սեփական կապերն ու հնարավորությունները:

Ըստ պարոն Կարապետյանի, բոլորը խոսում են, թե ինչ արեց ԲՀԿ-ն, բայց չեն խոսում՝ ինչու այդ կոալիցիան չկայացավ. «Բոլորը դրա մեջ սենսացիա տեսան: Առաջին անգամ եմ տեսնում, որ կոնկրետ հարցի շուրջ կոնկրետ որոշում է լինում: Սա իմ տպավորությամբ խաղ չի, Հայաստանում ստեղծվում է մի նոր քաղաքական իրավիճակ: Սերժ Սարգսյանն իմ տեսակետից որեւէ շանս չի թողել ԲՀԿ-ին իր դեմքը փրկելով՝ գնալ կոալիցիա: Բոլոր այն հարցերը, որոնք ինքը բարձրացնում էր հավատանք՝ փոխենքի, որեւէ հարցում զիջման չի գնում: ՀՀԿ-ի մեջ կարծիք կա, որ իրենք միակն են, որ 14 տարի տանում են բեռը, եւ եթե իրենք չլինեն՝ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Թե ԲՀԿ-ն, թե մնացած գործիչները, որոնք արմատական ընդդիմության դաշտում չեն, բայց հասկանում են, որ երկու ճանապարհ է մնում՝ կամ ժողովուրդը կհեռանա երկրից, կամ պոռթկում է մնում: Իրենք զգում են դա: Իրենք հասկանում են, որ եթե գնան կոալիցիա, գահավիժումը շատ ավելի ցավոտ է լինելու, քան ՕԵԿ-ի պարագայում»:

«Նոր ժամանակների» ղեկավարը կարծում է, որ Քոչարյանի դերը գերագնահատված է մեր հասարակությունում, եւ դա անում են ՀՀԿ-ականները՝ ցույց տալու, որ ԲՀԿ-ն ինքնուրույնություն չունի: Հարցին ՝ այսինքն դուք «ականջները չե՞ք տեսնում»՝ ինչպես ասում են՝ պարոն Կարապետյանը պատասխանեց, որ ոչ. «Մեր կուսակցություններն ասում են՝ Պուտինը մեզ շնորհավորեց, հետո ասում են՝ ինչու են մեզ կապում Պուտինի հետ: Արտաքին աշխարհի ազդեցություններն են շատ մեծ մեզ վրա»:

Պարոն Կարապետյանը հարց տվեց՝ ինչո՞ւ է նախագահը հաճախ մասնակցում օլիգարխների հավաքների. «Որովհետեւ նա մտածում է՝ ինչքան շատ մարդու հետ հաց կտրես Հայաստանում, այնքան շատ ձայն կունենաս: Մարդը սկսում է հասկանալ, որ ընտրությունները կարող է անցկացնել միայն այդ մարդկանց օգնությամբ»:

Արամ Կարապետյանին երեկ շատերը համոզել են, թե ինչ է եղել, մեր նույն ԲՀԿ-ն է, ոչինչ չի փոխվել, բայց Արամ Կարապետյանը չի համոզվել: Նրա խոսքերով՝ «Հայաստանի իշխանությունը շատ լուրջ ճաք է տվել: Ես չեմ պատկերացնում, թե հիմա ինչ կոալիցիա կարող է լինել՝ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի»:

Նա բացառեց, որ «Ժառանգությունը» կմտնի կոալիցիայի մեջ. «Ես խիստ կասկածում եմ, որ որեւէ մեկը հիմա կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ: Հիմա ով էլ գնաց-կազմեց՝ ՕԵԿ-ից ավելի վատ վիճակում է լինելու: ՀՀԿ-ն այսօր գտնվում է շատ ծանր վիճակում, եթե մի քանի օր առաջ ՀԱԿ-ի հետ չէին համագործակցելու, պատրաստ չէին, Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հասկացա, որ իրենք պատրաստ են ՀԱԿ-ից էլ լսել ողջամիտ կարծիքներ, առաջարկներ: Կարող է արտախորհրդարանական ուժերի հետ էլ վաղը համագործակցեն, կարծիք լսեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031