«Վերջին զանգի» առիթով այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երևանի թիվ 142 ավագ դպրոցում մասնակցեց շրջանավարտների վերջին դասի միջոցառմանը: Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ «վերջին զանգն» այն չգրված տոներից է, որ յուրաքանչյուր տարի վերածվում է մասսայական տոնախմբության, քանզի գրեթե ամեն ընտանիք ունի շրջանավարտ. «Շատ ենք ցանկանում, որ երիտասարդների համար այս տոնը լինի հիշարժան, բայց մյուս կողմից՝ փորձում ենք զսպել անհարկի այն դրսեւորումները, որոնք կարող են պատանեկան տոնը վերածել մեծերի խնջույքի եւ սոցիալական խնդիրներ առաջացնել ցածր վճարունակություն ունեցող ընտանիքների համար: Այսօր նոր կյանք ենք ճանապարհում երիտասարդների նոր սերուդ, որի ուսերին հետագայում ընկնելու է հայոց պետականության, մշակույթի, գիտության եւ տնտեսության զարգացման բեռը: 40.000 երիտասարդ այս օրից կթերթի իր պատանեկության էջը եւ կմտնի հասուն կյանք»: Նա շրջանավարտներին մաղթեց անվտանգ «վերջին զանգ», ջերմությամբ լի երեկույթներ, ինչպես նաեւ՝ հաջողություն ավարտական եւ ընդունելության քննությունների ընթացքում: «Ցանկանում եմ, որ դպրոցն ավարտած յուրաքանչյուր երիտասարդ իր ընտանիքին եւ հասարակությանը պիտանի մարդ դառնա, ունենա անձնական մեծ երջանկություն եւ բարեկեցություն»,-ասաց նախարարը:
Թիվ 142 ավագ դպրոցի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նախարարը ցանկացել է հենց ավագ դպրոց այցելել: «Խուսափում ենք շատ հայտնի դպրոցներ գնալուց, որովհետեւ կան կրթության բավարար մակարդակ ունեցող բազմաթիվ այլ դպրոցներ, որոնք իրենց մանկավարժների ջանքերով թողարկում են շրջանավարտներ: Դպրոցը դպրոց է, անկախ նրանից՝ գտնվում է արվարձաններում, թե կենտրոնում: Ես ինքս կապ եմ պահում իմ երկու դպրոցների հետ, որտեղ առ այսօր դասավանդում են ուսուցիչներս: Շնորհակալ եմ իմ մեջ սերմանելու համար այն ճշմարտությունը, որ ուսուցիչը, որպես կանոն, միշտ ճիշտ է»,-ասաց Ա. Աշոտյանը:
Նշենք, որ այս տարի միայն Երեւանի դպրոցները տալիս են շուրջ 19000 շրջանավարտ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա տոնական համերգային ծրագիր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ